Հայաստանի տնտեսությունը «բուրգ» է։ Նրա ցուցանիշները հիմնականում պայմանավորված են արտարժույթի ներհոսքով և շինարարության ծավալներով։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնել է տնտեսագիտության դոկտոր Կարեն Ադոնցը։

«Ահա այս երկու գործոններն են ապահովում մեր տնտեսության գործունեությունը», - պարզաբանել է նա։

Փորձագետի կարծիքով՝ Հայաստանում պետք է լրջորեն մտածեն տնտեսության կառուցվածքային փոփոխությունների մասին, քանի որ այն ճիշտ չի կառուցված։

«Հայաստանի տնտեսական քաղաքականությունը կառուցվում է միակողմանի կերպով։ Այսօր մենք, ըստ էության, նույնիսկ շուկաներ չունենք։ Մենք չենք արտադրում որևէ արտադրանք, որը կապված չէ մեր ագրարային բազայի հետ։ Բացի գյուղատնտեսությունից և գյուղատնտեսական արտադրանքի վերամշակումից՝ մենք չենք արտադրում ներմուծվող հումքից որևէ արտադրանք՝ դրա հետագա արտահանման նպատակով», - նշել է տնտեսագետը։

Նրա գնահատմամբ՝ սա չափազանց լուրջ խնդիր է։ Փորձագետը, մասնավորապես, նկատել է, որ Հայաստանում արտադրվող արտադրանքը հիմնականում արտահանվում է Ռուսաստան։

«Մենք սկսել ենք աստիճանաբար կորցնել այդ շուկան։ Այնպես որ՝ միանգամայն բնական է, որ վաղ թե ուշ մենք բախվելու ենք չափազանց լուրջ հարվածների», - հավելել է Ադոնցը։