Աֆղանստանը ԱՄՆ-ին առաջարկում է հասանելիություն իր հանքային պաշարներին՝ փորձելով հասնել պատժամիջոցների չեղարկման և ակտիվների ապասառեցման։ Այս մասին հայտնել է Financial Times (FT) թերթը՝ հղում կատարելով Աֆղանստանի արտաքին գործերի նախարար Ամիր Խան Մութաքիին։

Պատասխանելով Վաշինգտոնի հետ հարաբերությունների մասին հարցին՝ Մութաքին հայտնել է, որ Աֆղանստանն «առանց կասկածի» ողջունում է ամերիկյան ներդրումներն այնպիսի ոլորտներում, ինչպիսին են օգտակար հանածոների արդյունահանումը, ենթակառուցվածքը, գյուղատնտեսությունը և առևտուրը, տեղեկացնում է պարբերականը։ «Աֆղանստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունները չպետք է գնահատվեն վերջին 20 տարվա պատերազմի պրիզմայով, այլ ավելի շուտ՝ ապագա համագործակցության հիման վրա», - նշել է արտաքին գործերի նախարարը։

Նրա խոսքով՝ «երկրի տնտեսական քաղաքականությունը բաց է»։ Երկրաբանական հետազոտությունները, FT-ի տվյալներով, վկայում են, որ Աֆղանստանն ունի գրեթե 1 տրլն դոլար գնահատվող օգտակար հանածոներ։ Դրանց թվում են պղնձի, երկաթի, նիոբիումի, կոբալտի, ոսկու և լիթիումի խոշոր հանքավայրեր։

Մութաքին չի հստակեցրել, թե արդյոք օգտակար հանածոների արդյունահանման մեջ կապիտալ ներդրումների առաջարկն ուղղակիորեն արվել է Սպիտակ տանը, նշվել է հրապարակման մեջ։