Կառավարությունը ձեւավորելու է հանրապետության նախագահը` վարչապետի առաջարկով: ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն այսօր` մայիսի 17-ի ճեպազրույցում լրագրողներին պարզաբանեց, թե ինչ սահմանադրական ընթացակարգեր են անհրաժեշտ ընտրություններից հետո նոր կառավարություն ձեւավորելու համար:
Նրա պարզաբանմամբ` նորընտիր խորհրդարանի նիստի առաջին օրը ողջ կառավարությունը` վարչապետն ու նախարարները վայր են դնելու իրենց լիազորությունները, բայց շարունակելու են աշխատել որպես պաշտոնակատարներ: ԱԺ առաջին նիստից հետո 10-օրյա ժամկետում (այսինքն` մինչեւ հունիսի 10-ը) հանրապետության նախագահը, խորհրդակիցելով Ազգային Ժողովի խմբակցությունների հետ, վարչապետ է նշանակում մեծամասնության աջակցությունը վայելող անձին: Դրանից հետո 20-օրյա ընթացքում վարչապետի առաջարկությամբ նախագահը նշանակում է կառավարության անդամներ: Դրանից հետո 20-օրյա ժամկետում կառավարությունն իր գործունեության ծրագիրն է ներկայացնում Ազգային Ժողովին եւ հաստատվելուց հետո շարունակում է իր լիազորությունները:
«Սրանք առավելագույն ժամկետներն են` 50 օր, սակայն փորձը ցույց է տաիս, որ դա ավելի կարճ ժամանակահատվածում է կատարվում: Կարծում եմ` հունիսի առաջին տասնօրյակում եւ նշանակված կլինի վարչապետը, եւ ձեւավորված կլինի կառավարությունը»,- ասաց Հ. Թովմասյանը:




























