Իրանը կարող է դատի տալ Google-ին նրա քարտեզագրական ցանցում Պարսից ծոցի անվանման բացակայության համար: Թեհրանն արդեն տեղեկացրել է որոնիչին հնարավոր դատական հայցի մասին:
Ինչպես հայտնել է AP-ն, որոշ ժամանակ առաջ Google Maps ցանցում ջրային օբյեկտից, որն Իրանն անջատում է արաբական մի քանի երկրներից, ամբողջությամբ հեռացվել էր նրա Պարսից ծոց անվանումը (Persian Gulf):
Իրանի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Ռամին Մեհմանփարաստը հայտարարել է, որ եթե մոտ ժամանակներս չվերականգնվի գրությունը, Google –ը «լուրջ վնաս» կկրի:
Ինչպես հստակեցնում է «ՌԻԱ Նովոստին», վերջին ժամանակներս սրվել են Իրանի եւ ԱՄԷ-ի հակասությունները Պարսից ծոցում մի շարք վիճահարույց կղզիների առնչությամբ, որն արաբներն անվանում են Արաբական ծոց: Աբու Մուսա կղզին, Մեծ եւ Փոքր Թոմբ կղզիները վաղուց Թեհրանի եւ ԱՄԷ-ի միջեւ վիճահարույց տարածքներ են համարվում: Ըստ ԱՄԷ-ի իշխանությունների` Իրանը գրավել է կղզիները:




























