Աշխարհն այսօր նշում է տեղեկատվական հասարակության օրը: 21 տարի առաջ` 1991 թվականի մայիսի 17-ին, հայտնվել է առաջին համացանցային սերվերը: WWW (World Wide Web) նախագիծն իր գոյությունն է սկսել ավելի վաղ` 1989 թվականին, երբ Թիմ Բերներս Լին առաջին անգամ հրապարակել է իր գաղափարները եւ համաշխարհային համակարգչային ցանցի մասին առաջարկությունները:

Միայն մեկ տարի անց է սկսվել նախագծի մշակումը: Այն ժամանակ Թիմը NeXT համակարգչի իրավունք է ստացել, որն էլ դարձել է առաջին համացանց սերվերը, բրաուզերը եւ ցանցի խմբագիրը: 1991 թվականի մայիսի 17-ին նախագիծը վերջնականապես ավարտվել էր, ներկայացվել CS հանձնաժողովին: Հենց այն ժամանակ էլ  ի հայտ է եկել առաջին համացանցային սերվերը եւ հաստատվել  էջերի  ստանդարտը`  WWW (World Wide Web), հաղորդում է Calend-ը:

1992 թվականի նոյեմբերին աշխարհում կար 26 սերվեր, 1993 թվականի վերջին այդ թիվը զգալիորեն մեծացել եւ անցել էր 200-ը: 1995 թվականին WWW-ն այնպիսի չափերի է հասնում, որ այն արդեն չէր կարելի  «սիրողական ցանց» անվանել:

2006 թվականի մարտի 27-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան բանաձեւ է ընդունել, ըստ որի մայիսի 17-ը հայտարարվել է  Տեղեկատվական հասարակության համաշխարհային օր:

Ներկայումս համացանցից օգտվում են  հարյուր միլիոնավոր օգտագործողներ, իսկ սերվերների քանակը հասել է  ահռելի չափերի եւ շարունակում է աճել:

Ավելացնենք, որ այժմ Թիմ Բերներս Լին գլխավորում է իր հիմնադրած Համաշխարհային սարդոստայնի կոնսորցիումը (World Wide Web Consortium): Նա զբաղվում է  համացանցային ստանդարտների մշակմամբ եւ ներդրմամբ: