ԱՄՆ Գերագույն դատարանը երկուշաբթի թույլատրել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին շարունակել Սպիտակ տան տարածքում 400 մլն դոլար արժողությամբ պարասրահի կառուցումը՝ չնայած շարունակվող դատական գործընթացներին։ Նվազագույն մեծամասնությամբ ընդունված որոշմամբ փոխարինվել է ժամանակավոր արգելքը, որը պետք է ուժի մեջ մտներ առաջիկա օրերին, գրել է AP-ը։

Դատարանը համարել է, որ Պատմական ժառանգության պահպանության ազգային հիմնադրամը չունի բավարար իրավական հիմքեր նախագիծը վիճարկելու համար։ Որոշման մեջ նշվել է, որ պարասրահի կառուցումն անհրաժեշտ է ծրագրվող ստորգետնյա ռազմական օբյեկտի անվտանգության ապահովման և խոշոր միջոցառումներն ավելի պաշտպանված տարածքում անցկացնելու համար։

Թրամփը ողջունել է դատարանի որոշումը՝ հայտարարելով, որ նախագիծը կիրականացվի «առանց հետագա պայմանների և սպառնալիքների»։ Գործի նյութերի համաձայն՝ համալիրի հիմնական տարրերի կառուցումը կարող է ավարտվել մի քանի ամսվա ընթացքում։

Պատմական ժառանգության պահպանության ազգային հիմնադրամը հիասթափություն է հայտնել որոշման կապակցությամբ՝ նշելով, որ այն չի անդրադառնում կազմակերպության հիմնական փաստարկին, ըստ որի՝ առանց Կոնգրեսի համաձայնության նախագահը Սպիտակ տան վերակառուցում իրականացնելու լիազորություններ չունի։

Ավելի վաղ դաշնային դատարանները որոշել էին կասեցնել օբյեկտի վերգետնյա հատվածի շինարարությունը։ Վերաքննիչ ատյանը հաստատել էր այդ որոշումը, սակայն Թրամփի կողմից նշանակված դատավորը հայտարարել էր, որ հիմնադրամը հայց ներկայացնելու իրավունք չունի։

Վարչակազմը պնդում է, որ աշխատանքները կրիտիկական նշանակություն ունեն ազգային անվտանգության համար։

Դատարանի նյութերում նշված է, որ շինարարությունն իրականացվում է շուրջօրյա, նախագծի ավարտը նախատեսված է 2028 թվականի օգոստոսին։