Նախօրեին Շենգավիթ վարչական շրջանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով բերման ենթարկված 22-ամյա աղջկա տատը 66-ամյա Անուշ Զաքարյանը պնդում է թոռնուհուն ոստիկանությունում ծեծի են ենթարկել: «Ամբողջ մարմնի վրա կապտուկներ էին, գիշերն են ազատ արձակել Ալինային: Պատմում էր, որ իրեն էլ, քեռուն էլ, ծեծի են ենթարկել: Տղայիս ինքնազգացողությունը վատացել է, քանի որ դեղերը չի ընդունել, հիվանդանոց են տեղափոխել, կաթիլային միացրել, հետո նորից հետ տարել ոստիկանություն»,-NEWS.am-ի հետ զրույցում պատմեց կինը: Անուշ Զաքարյանը պատմեց, որ թոռնուհուն ազատ են արձակել, որդու գտնվելու վայրի մասին այս պահին տեղեկություն չունի: 

 ՆԳՆ-ից NEWS.am-ի հարցմանն ի պատասխան հերքեցին բռնություն կիրառելու մասին տեղեկությունը, սակայն կնոջը հորդորեցին առևրույթ փաստերի առկայության դեպքում հանցագործության մասին հաղորդում ներկայացնել: 

Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ դեռևս ուրբաթ օրը՝ օգոստոսի 28–ին Շենգավիթի թաղապետարանից եկել են և մի քանի տնակների բնակիչներին անակնկալ հայտնել, որ պետք է քանդեն տնակները, իսկ բնակիչները պետք է հեռանան այդ տարածքից, թեև նրանք 30 տարուց ավելի ապրում են այդտեղ։

Տնակները սեփականաշնորհված չեն, բնակիչների խոսքով, դրանք նվեր են ստացել բարերարներից, իրենք բարեկարգել են տարածքը, որ ժամանակին աղբանոց է եղել։ 

Տանը 5 անչափահաս երեխա կա, որից 2–ը՝ մինչև մեկ տարեկան։

Բնակիչները NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին, որ իրենք հենց նույն օրը գնացել են Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանի մոտ, վերջինս ասել է, որ հրահանգը վերևից է, ինքը ոչինչ չի կարող անել։ 

Արդեն երեկ՝ օգոստոսի 31–ինմ, Շենգավիթի թաղապետարանից եկել են, ոստիկանական մի մեծ խմբով։

Նշենք, որ երեկ երբ տրակտորն սկսել է աշխատել, բնակիչներից մի տարեց կին 2 ամսական թոռնուհուն վերցրել էր գիրկը և քարերով հարձակվել տրակտորի վրա։ Ոստիկանները հազիվ կարողացել են նրան վնասազերծել, երեխային ձեռքից վերցնել և թույլ չտալ, որ վնաս հասցնի տեխնիկային, տեխնիկայի կողքը կանգնած մարդկանց, ինչպես նաև իր գրկին գտնվող երեխային։ 

Բնակիչները մանկասայլակներով փակել էին դեպի տնակներ տանող ճանապարհը ու չէին թողնում մոտենալ տներին։ Ամեն կողմից լսվում է երեխաների լացն ու գոչյունները։

Շենգավիթի թաղապետ Ռոմիկ Մխիթարյանն էլ NEWS.am–ին հայտնել էր, որ այդ մարդիկ, տարածքը վերածել են աղբանոցի, փողի դիմաց թույլ են տալիս շինրարարական աղբ թափել այդտեղ։ Նա նաև նշել էր, որ տնակների պամոնտաժումը դադարեցվել է երեկ, իսկ այսօր այդ ընտանիքի անդամներին ընդունելու են թաղապետարանում։