Հյուսիսային Օսիայի գերագույն դատարանը հանցախմբի ղեկավար Ալի Դաուրբեքովին, որը 2010 թվականի սեպտեմբերին Վլադիկավկազի շուկայում ահաբեկչություն էր կազմակերպել, տադապարտել է 24 տարվա ազատազրկման:

Դատապարտյալը 6 տարի պետք է անցկացնի բանտում, մնացած ժամկետը` խիստ ռեժիմի ուղղիչ գաղութում: Բանտարկության ժամկետը հաշվվում է  ձերբակալման պահից` 2010 թվականի հոկտեմբերի 6-ից:

Ըստ հետաքննության` 2010 թվականի սեպտեմբերի 9-ին մահապարտ ահաբեկիչ Մահոմեդ Մալսաղովը, որին ուղեկցում էին Դաուրբեքովը եւ հանցախմբի այլ անդամներ, վարելով ականապատ մեքենա, անցել էր Ինգուշեթիայի եւ Հյուսիսային Օսիայի սահմանը, Ալանիայով հասել էր Վլադիկավկազ քաղաք, որտեղ Կենտրոնական շուկայի մուտքի մոտ գործի էր դրել պայթուցիկը:

Ահաբեկչության հետեւանքով զոհվել էր 19 մարդ, 233-ը` վիրավորվել:  

Նախնական հետաքննության ընթացքում Դաուրբեքովն ակտիվ համագործակցել է  հետաքննության հետ, նրա հետ համագործակցության մինչդատական համաձայնություն էին կնքել, հայտնում է NEWSru.com-ը:

Դատարանը նաեւ 16 տարվա բանտարկության է դատապարտել այդ հանցախմբի եւս մեկ անդամի` Վախու Խաշագուլգովին:

Դատապարտյալը նաեւ պետք է տուժածներին նյութական վնասի փոխհատուցում վճարի` 150 հազար ռուբլու չափով: