Հայաստանի նախագահ, Հանրապետական կուսակցության ղեկավար Սերժ Սարգսյանը եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երեկ հանդիպել են: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ, 4-րդ գումարման ԱԺ-ի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:

«Երեկ Գագիկ Ծառուկյանը եւ Սերժ Սարգսյանը հանդիպել են, եւ այս պահի դրությամբ որեւէ համաձայնություն չկա»,- նշեց նա: Հարցին, թե ինչ են քննարկել այդ հանդիպմանը, օրինակ` քննարկե՞լ են կոալիցիա կազմելու հարցը, Նաիրա Զոհրաբյանը նշեց, որ քննարկել են հնարավոր համագործակցության ձեւերը եւ այս պահին որեւէ համաձայնություն չկա:

Հանրապետական կուսակցություն փոխնախագահ Գալուստ Սահակյանից փորձեցինք ճշտել այդ հանդիպման մանրամասները: Նա մեզ հետ զրույցում նշեց, որ նման հանդիպումներ միշտ էլ լինում են: «Բնականաբար, քննարկումներ եղել են, քանի որ պաշտոնական որեւէ տեսակետ դեռեւս չի ձեւակերպված, պարզապես հիմնավոր չեմ համարում որեւէ բան ասել»,- ասաց նա;

Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն: