Արեւմտյան լրատվամիջոցներն այս օրերին ակտիվորեն քննարկում են Ռուսաստանի տնտեսությունում ի հայտ եկած բացասական զարգացումները: The Wall Street Journal-ը մեջ է բերել Ռուսաստանի Կենտրոնական բանկի նախագահ Սերգեյ Իգնատեւի հայտարարությունն այն մասին, որ երկրից 2012 թ. առաջին չորս ամիսներին դուրս է բերվել 42 մլրդ դոլար: InoPressa-ն գրում է, որ ռուսական բորսաները հասել են վերջին մեկ տարում իրենց նվազագույն մակարդակին: Իսկ Bloomberg-ը նշում է, որ բորսաների անկումը հետեւանք է ոչ միայն Հունաստանի քաղաքական ճգնաժամի, այլեւ քաղաքական ընդդիմության ակցիաների: Ըստ Bloomberg-ի` Ռուսաստանից կապիտալի արտահոսքի ներկայիս չափերը զիջում են միայն 1994 թ. արտահոսքի չափերին:

Սակայն ռուսաստանյան փորձագետները նշում են, որ բորսաների անկման հիմնական պատճառը եվրոպական զարգացումներն են, իսկ ընդդիմության ցույցերը նվազագույն ազդեցություն ունեն: «Խնդիրը հիմնականում արեւմտյան շուկաներից է գալիս: Մենք նվազում ենք նրանց հետեւից: Ցույցերը կարող են միայն աննշան ազդեցություն ունենալ ռուբլու վրա, բայց ոչ` շուկայի: Այժմ ներդրողներն ուղղակի արձագանքում են ռիսկերի ավելացմանը` Հունաստանում խնդիրների պատճառով: Իսկ ռուսական շուկան առաջիններից մեկն է սկսում արձագանքել արտաքին փոփոխություններին»,- gazeta.ru-ի հետ զրույցում ասել է «Տրոյկա Դիալոգ» ընկերության վերլուծաբան Հովհաննես Հովհաննիսյանը: