Մենք համարում ենք, որ ԹՐԻՓՓ–ը միակողմանի աշխարհաքաղաքական մոդելի վրա կառուցված լուծում է, որը տալիս է բոլոր հնարավորությունները այդ համագործակցության մեջ մտած երկրների համար, բայց ցավոք սրտի, Հայաստանին վերագրում է ընդամենը տարածքային մի միջանցքի դեր։ Այս մասին «ՀՀ-Իրան ռազմավարական կենտրոն»-ի և ՀԱԿ-ի միջև փոխըմբռնման հուշագրի ստորագրման ասուլիսի ընթացքում ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Հայաստանը միակողմանի ինտեգրվելով այդ աշխարհաքաղաքական օրակարգի մեջ, ըստ էության, կորցնում է իր աշխարհաքաղաքական դերը և որպես պետական կամք ունեցող պետություն այլևս գոյություն չունի, որովհետև միակողմանի շատ դաժան կախվածության մեջ է ընկնում Ադրբեջանից։
Բացի դրանից, մենք համարում ենք, որ դա նաև աշխարհաքաղաքական ռումբ է, եթե մնա այդպես միակողմանի։ Դրա համար մենք առաջարկել էինք ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ մեր ծրագիրը, որում մենք առաջարկում էինք, որ շատ լավ է, Հայաստանը թող լինի նման կամուրջ, բայց ինքը պետք է լինի կամուրջ բոլոր ուղղություններով և որպեսզի դա իսկապես ռեալ բովանդակություն ստանա, անհրաժեշտ է կառուցել երկաթուղի, որը անմիջապես ուղիղ կկապի Հայաստանը Իրանի հետ։ Մեր մոդելը սա է:
Եթե ԹՐԻՓՓ–ը մնա այնպիսին, ինչպես հիմա առաջարկվում է, դա խնդիր է Հայաստանի համար, դա Հայաստանի խնդիրների լուծում չէ, իսկ ԹՐԻՓՓ+ԲՐԻԿՍ–ը լուծում է, որովհետև ներդաշնակեցնում է մեծ գերտերությունների աշխարհաքաղաքական շահերը Հայաստանում։ Դա շատ վտանգներից և սպառնալիքներից Հայաստանը հեռու է պահում»,– ասաց ՀԱԿ փոխնախագահը՝ հավելելով, որ միևնույն է, մի օր բոլորը գալու են համագործակցության։
Խոսելով Իրան–ԱՄՆ հակամարտության մասին, Զուրաբյանը նշեց. «Նույն ամերիկացիք հասկանալու են վերջապես, որ Իրանի հետ ռազմական լուծումներ չկան, որ չի կարելի ռազմական կամ տնտեսական ճնշմամբ Իրանին ինչ-որ բան պարտադրել։ Այդ պահը գալու է, համագործակցության մթնոլորտը միևնույն է ստեղծվելու է, մենք էլ պետք է ամեն ինչով նպաստենք ու այս գլխից լինենք այդ կոնցեպտի մեջ, որ միակողմանի ոչինչ չի կարող լինել։
Հայաստանը անկախ երկիր է, որը պատրաստ է պաշտպանել և ներդաշնակեցնել սեփական ազգային շահերը այլ պետությունների, ազգային շահերի հետ։ Սա է միակ ուղին, մենք չենք կարող ընտրել մի ճամբարը, մերժել մյուս ճամբարը։ Մենք այդ հակամարտության կոնցեպցիայի մեջ Հայաստանը ապագա չունի։ Մեր ապագան դա համագործակցության կոնցեպցիան է ներդաշնակեցման կոնցեպցիան է և մենք այդ ուղղությամբ գնալու ենք և Հայաստանը ամեն ինչ պետք է անի այդ ուղղությամբ, որ տարածաշրջանը դառնա ապահով անվտանգ և մեծ զարգացման ներուժով»,– ընդգծեց Լևոն Զուրաբյանը։











