Իրանը 15 հարևան ունի և ամենավստահելի հարևանը  միշտ Հայաստան է եղել։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 1–ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասել է «Իրան-Հայաստան զարգացման հիմնադրամ»-ի հիմնադիր Փույա Հոսսեինին:

«Մենք հիմա տեսնում ենք, թե Իրանի շրջապատում ինչ է կատարվում, բոլոր մեր հարևանների հետ լուրջ խնդիր ունենք, բոլորը ռազմաբազա են տրամադրել Իրանի թշնամիներին և միշտ Իրանի դեմ գործերություններ են արել։ Տարիներ շարունակ միակ երկիրը, որ ամենավստահելին է եղել, բարեկամ է եղել, Հայաստանն է։ Հետաքրքիր է, որ բոլոր այդ հարևանները մուսուլմանական աշխարհից են, մենակ քրիստոնյա հարևանը Հայաստանն է և բոլորս գիտենք, թե Իրանում ինչ վերաբերմունք ունեն հայերի պատմամշակութային կառույցների նկատմամբ։ Դա ցույց է տալիս, որ մենք երկու ազգեր ենք, որ պատմության ընթացքում կողք-կողք ապրել ենք և ամենաքիչ խնդիրներն ենք ունեցել։

Իրան-Հայաստան հարաբերությունները այլընտրանք չունեն, բոլոր երկրները մեզ հետ շփվում են շահերի համար, իսկ Իրանը և Հայաստանը բնական դաշնակից են։ Իրանի անվտանգությունը միշտ Հայաստանի անվտանգություն է եղել և Հայաստանի անվտանգությունը Իրանի անվտանգությունը։ Մենք ապրել ենք մի միջավայրում, որ միշտ մեր հարևանների կողմերից վտանգված ենք եղել և միշտ մենք ենք եղել, որ իրար պահել ենք, իրար օգնել ենք»,–ասաց նա։

Հեսեինին նկատեց, որ Իրանի և Հայաստանի առևտարաշրջանառությունը հասել է տարեկան 700 միլիոն դոլարի, ինչը քիչ է. «Պետք է զարգացնել մեր երկրների հարաբերությունները, որը կբերի և տնտեսական զարգացում, և անվտանգություն։

Հիմա աշխարհում միջազգային, գլոբալ առումով «կորիդորների պատերազմ է», էներգետիկ պատերազմ է՝ Մերձավոր Արևելքից մինչև Հարավային Կովկաս։ Բոլորը պայքարում են, որ այդ միջանցքները իրենց տարածքներով անցնեն և և շրջանցեն թշնամի կամ մրցակցող երկրները։ Դրա համար մեր երկու երկրների դերը շատ կարևոր է։

Մենք ունենք հյուսիս-հարավ ճանապարհը, մենք ունենք Պարսից ծոց–Սև ծով ծրագիրը, բայց մենք չունենք երկաթուղային կապ, ինչը շատ բացասական ազդեցություն է ունեցել մեր երկիրների վրա, այդ թվում գեոպոլիտիկ դերի համար։

Եթե այդ երկաթգիծը կառուցվի, դա մեզ համար ռազմավարական նշանակություն կունենա մեր երկրների համար։ Մենք պետք է կարողանանք այդպիսի միջանցքների միջոցով մեր գեոպոլիտիկ դերը մեծացնենք և կամուրջ լինենք Եվրոպայի ու Ասիայի միջև»,– ընդգծեց նա։