ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանի ղեկավարությամբ այսօր` մայիսի 17-ի երեկոյան, ժամը 20.00-ին, կքննարկվի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակից ինքնաբացարկներ ներկայացնելու, պատգամավորական մանդատներ վերցնելու հարցը: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասաց Հանրապետական կուսակցության փոխնախագահ Գալուստ Սահակյանը:
Ինչ վերաբերում է կոալիցիա կազմելուն, նա նշեց, որ քննարկումները ընթանում են, դեռեւս որոշակի դիրքորոշումների խնդիր կա: «Կոալիցիան չի կարող ինքնանպատակ լինել: Բավականին լուրջ հանգամանքներ կան, որը կապված է առաջիկա 5 տարիներին ռազմավարության, կոնկրետ ծրագրերի հետ»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
Անդրադառնալով տարածված տեղեկություններին, թե հնարավոր է, որ ոչ թե կոալիցիա ձեւավորվի, այլ որոշակի համաձայնություն լինի, Գալուստ Սահակյանը նշեց. «Ես կարծում եմ, որ ոչ թե միայն պետք է ուղղորդվել ՀՀԿ-ԲՀԿ-ով, բնականաբար շատ լավ կլինի, որ բոլոր կուսակցությունների մեջ որոշակի փոխհամաձայնություններ լինեն` կապված ծրագրերի, ռազմավարությունների հետ»,- նշեց նա:
Հիշեցնենք, որ մայիսի 6-ին Հայաստանում կայացել են խորհրդարանական ընտրություններ, որի նախնական արդյունքներով` Ազգային ժողով են անցնում 6 քաղաքական ուժեր` ՀՀԿ, ԲՀԿ, ՀԱԿ, Ժառանգություն, ՀՅԴ եւ ՕԵԿ: Ըստ այդմ, ՀՀԿ-ն ստացել է 44,05 տոկոս ձայն, ԲՀԿ-ն` 30,2 տոկոս ձայն, ՀԱԿ-ը` 7,1 տոկոս ձայն, «Ժառանգությունը»` 5,79 տոկոս ձայն, ՀՅԴ-ն` 5,73 տոկոս ձայն, ՕԵԿ-ը` 5,49 տոկոս ձայն:




























