Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» (CHP) կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կուսակցության խորհրդարանական խմբակցության ժողովի ժամանակ խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։
Թուրքական Pressturk-ի փոխանցմամբ՝ Քեմալ Քըլըչդարօղլուն մեղադրել է Էրդողանին՝ 2011-ի դեկտեմբերին թուրքական օդուժի կողմից կոտորված 34 քուրդ երիտասարդների մայրերին գումարով լռեցնելու մեջ։ Քըլըչդարօղլուն պնդել է, թե կյանքում Էրդողանի պես ստախոս քաղաքական գործիչ չի տեսել՝ հիշեցնելով, որ Էրդողանը 7 ամիս առաջ գովաբանում էր S&P-ին, իսկ հիմա՝ թշնամի հայտարարում։
«Թուրքիայի ամենագլխավոր խնդիրը քաղաքական բարոյականության խնդիրն է։ Վարչապետ ունենք, որ իրեն քննադատած լրագրողին ասում է. «Գրիչից կեղտ է թափում»։ Այս խոսքերը սազո՞ւմ են վարչապետին»,-ասել է Քըլըչդարօղլուն։




























