Իրանի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Ֆաթեմե Մոհաջերանին հայտարարել է, որ ԱՄՆ քաղաքականության նկատմամբ Թեհրանի պատասխանը կլինի փոխադարձ։ Այս մասին նա ասել է Թեհրանում ընթացող ամենշաբաթյա մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով ամերիկյան պատժամիջոցներն ու դրանց ի պատասխան Իրանի հնարավոր քայլերը. հայտնում է Mehr-ը։

Մոհաջերանիի խոսքով՝ Վաշինգտոնի պատժամիջոցային ու տնտեսական քաղաքականությունը լուրջ ազդեցություն է թողնում շարքային իրանցիների կյանքի վրա։ Որպես օրինակ նա վկայակոչել է «The Lancet» բժշկական ամսագրում հրապարակված հոդվածի տվյալները, որոնց համաձայն՝ դեղորայքի պակասի պատճառով, իբր, մահացել է ավելի քան 500 հազար իրանցի, ընդ որում՝ զոհվածների մեծ մասը երեխաներ ու տարեցներ են։

«Առյուծի պոչի հետ մի՛ խաղացեք», — ԱՄՆ-ին նախազգուշացրել է կառավարության ներկայացուցիչը՝ ընդգծելով, որ Իրանը հազարամյակների պատմություն ունեցող «առյուծ» է, որը բազմիցս վիրավորվել է, բայց ամեն անգամ պահպանել է իր տոկունությունն ու վճռականությունը։

Մոհաջերանին նաև հայտարարել է, որ Թեհրանը մտադիր է Վաշինգտոնի գործողություններին պատասխանել համաչափ քայլերով։

Ճեպազրույցի ընթացքում կառավարության ներկայացուցիչն անդրադարձել է նաև ներքին տնտեսական իրավիճակին։ Նրա խոսքով՝ պետական գերատեսչություններն արդեն մշակել են էներգիայի սպառման կրճատման վերաբերյալ հանձնարարականներն ու պարբերաբար վերահսկում են դրանց կատարումը։

Մոհաջերանին հերքել է նաև սննդամթերքի չափաբաժնավորում (կտրոնային համակարգ) մտցնելու կամ բանկերի համար արտարժութային սահմանափակումներ կիրառելու հնարավորությունը: Նա նշել է, որ երկրում սպառվող հիմնական ապրանքների ու նյութերի շուրջ 85%-ն արտադրվում է Իրանում, որի պատճառով էլ, նրա խոսքով, անգամ զգալի պաշարների առկայության պարագայում չափաբաժնավորման անհրաժեշտություն չկա: