Իրանի վրա տնտեսական ճնշումը մեծացնելու շրջանակում ԱՄՆ-ն, ամենայն հավանականությամբ, արդեն այս շաբաթ կհայտարարի իրանական բանկերից մեկի դեմ պատժամիջոցներ սահմանելու մասին: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը:
«Մենք, ամենայն հավանականությամբ, այս շաբաթ կհայտարարենք մեկ բանկի, իսկ հաջորդ շաբաթ՝ ևս մեկի դեմ պատժամիջոցների մասին», — Հյուսիսային Կառոլինա նահանգի Էշվիլ քաղաքում G20-ի ֆինանսական առաջնորդների հանդիպման ժամանակ լրագրողների հետ զրույցում ասել է Բեսենթը:
Նրա խոսքով՝ Վաշինգտոնը դիտարկում է նաև լիզինգով ինքնաթիռներ տրամադրող ընկերությունների և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետ համագործակցող այլ կազմակերպությունների նկատմամբ սահմանափակումներ մտցնելու հնարավորությունը: Միացյալ Նահանգները մտադիր է հետևել ԻՀՊԿ-ի ակտիվներին և սառեցնել դրանք:
«Մենք որևէ հանդուրժողականություն չունենք: Մենք պատրաստվում ենք տնտեսապես խեղդել այդ ռեժիմը», — հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարարը:
Կիրակի օրը Բեսենթը Reuters-ին հայտնել էր, որ ամերիկյան գերատեսչությունը ծրագրում է շաբաթական կտրվածքով Իրանի դեմ նոր երկրորդային պատժամիջոցներ սահմանել՝ սկզբնական շրջանում կենտրոնանալով բանկային ոլորտի վրա: Հաջորդ քայլը, նրա խոսքով, կարող է լինել առանձին ֆինանսական կազմակերպությունների լիակատար անջատումը դոլարային համակարգից:
Դիմելով ԻՀՊԿ ներկայացուցիչներին՝ Բեսենթը նշել է, որ ամերիկյան իշխանությունները տեղյակ են արտերկրում նրանց պատկանող հաշիվների ու անշարժ գույքի մասին և մտադիր են սառեցնել համապատասխան ակտիվները:
Նախարարը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ն Չինաստանի հետ փակ ձևաչափով քննարկել է Իրանի կողմից միջուկային զենքի ձեռքբերումը կանխելու և Հորմուզի նեղուցում նավագնացության ազատությունն ապահովելու հարցերը:





























