Երկրորդ անգամ Երեւանի կենտրոնում` Ղազար Փարպեցի փողոցի վրա գտնվող DIY բարի վրա, մայիսի 15-ին տեղի ունեցած երկրորդ հարձակման փաստի առթիվ քրգործ չի հարուցվել եւ ձերբակալվածներ չկան: ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից NEWS.am-ին փոխանցեցին, որ DIY բարի սեփականատեր Արմինե Օգանեզովան (Ծոմակ) եկել եւ ոստիկանության կենտրոնական բաժնում հայտարարություն է տվել, որ 2 օր առաջ երկու անհայտ երիտասարդներ թքել եւ սիգարետի մնացորդներ են նետել: Գործով այլ նորություններ չկան:
Նշենք, որ քաղաքացիական ակտիվիստ Լալա Ասլիկյանը լրատվամիջոցներին հայտնել է, որ այսօր` մայիսի 17-ին կրկին միջադեպ է գրանցվել DIY ակումբում: Նրա խոսքով, մի խումբ մարդիկ մտել են ակումբ, թքել իրենց վրա վրա եւ սպառնացել բարը նորից վառել: Նրանք հայտարարել են, որ իրենք ֆաշիստ են, հպարտ են դրանով եւ խորհուրդ են տվել չվերանորոգել բարը, քանի որ իրենք երբեք թույլ չեն տա, որ այն գործի, եւ հերթական անգամ կպայթեցնեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ մայիսի 15-ի ուշ երեկոյան DIY բարը կրկին հարձակման է ենթարկվել. այս անգամ մոտ 7-8 երիտասարդներ ժամը 18.00-ի սահմաններում ժամանել են ակումբի մոտ, թքել են, այրել են դրված «Ոչ ֆաշիզմին» պաստառը, սվաստիկաներ են նկարել եւ այլն: Այս մասին NEWS.am-ի թղթակից հետ զրույցում ասել էր ակումբի սեփականատեր Ծոմակը: Նրա խոսքով` եղել են մոտ 10 երիտասարդներ եւ այս անգամ ակումբի հանդեպ ոտնձգություն անողները ուրիշ մարդիկ են:
Մինչ այդ հաղորդել էինք, որ մայիսի 15-ի կեսօրին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ծոմակը հայտարարել էր, որ ակումբի պայթյունի հեղինակներին գրավի դիմաց ազատ են արձակել, իսկ գրավի գումարը տրամադրել են ՀՅԴ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Հրայր Կարապետյանը: Ծոմակը հայտարարել է, որ իր ակումբի դեմ պայքարը հովանավորվում է Դաշնակցության կողմից:
Դրանից հետո Արծվիկ Մինասյանը Panorama.am-ի հետ զրույցում հաստատել էր, որ ինքն է վճարել ակումբը պայթեցնողներին ազատ արձակելու գրավը: Նա իր խոսքում, ասել էր հետեւյալը. «Ես համոզված եմ, որ այդ երիտասարդները շարժվել են մեր հասարակության եւ ազգային գաղափարաբանության համատեքստում, ճիշտ ձեւով: Այլ բան է, եթե պատճառվել է որոշակի վնաս, ապա դրա փոխհատուցումը պետք է տրվի»:




























