Ընդդիմադիր «Դեմոկրատներ» կուսակցության առաջնորդ Յաիր Գոլանը նախադատական պահանջագիր է հղել Սարա Նեթանյահուին՝ զգուշացնելով հնարավոր հայցի մասին: Նա Իսրայելի վարչապետի կնոջը մեղադրել է, իր բնորոշմամբ, «ամենածանր զրպարտություն» պարունակող հայտարարություններ տարածելու մեջ, հայտնում է The Times of Israel-ը:
Գոլանը Սարա Նեթանյահուից պահանջել է հետ կանչել իր խոսքերը, ներողություն խնդրել և զգալի նվիրատվություն կատարել «Nova» փառատոնի վրա հարձակումից փրկվածների աջակցության հիմնադրամին: Հակառակ դեպքում քաղաքական գործիչը մտադիր է 2,5 միլիոն շեկելի (շուրջ 825 հազար դոլար) փոխհատուցման հայց ներկայացնել:
Դատական հնարավոր քաշքշուկի առիթ է դարձել Սարա Նեթանյահուի հարցազրույցը, որում նա, առանց որևէ ապացույց ներկայացնելու, պնդել էր, թե Գոլանն իբր նախապես տեղյակ է եղել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման նախապատրաստած հարձակման մասին:
Գոլանը, որը նախկինում զբաղեցնում էր Իսրայելի պաշտպանության բանակի Գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնը, հոկտեմբերի 7-ի առավոտյան անձամբ մեկնել էր «Nova» երաժշտական փառատոնի անցկացման վայր և մասնակցել մի շարք մարդկանց փրկությանը: Հետագայում նրա այս քայլը լայն արձագանք ու գնահատանք էր ստացել:





























