«ՄԻ-96» կուսակցության նախագահ, ՀԱԿ-ի անդամ Ռուբեն Թորոսյանը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ իր դժգոհությունն է հայտնում ընտրությունների վերահսկման միասնական շտաբի գործունեությունից:
Ռ. Թորոսյանի հայտարարությունում ասվում է.
«Նախընտրական քարոզչության ամենաթեժ պահին որոշեցի դիմել «Միասնական շտաբին», առաջարկելով քննարկել ընտրախախտումների եւ առաջարկությունների մի փաթեթ:
Փորձեցի սկսել այդ Շտաբի ՀԱԿ-ի ներկայացուցչից եւ սկսվեց դիմելու գործընթացը: ՀԱԿ-ի ներկայացուցիչը սկզբից զգուշացրեց, որ զբաղված են եւ մի քանի օրից /պատկերացնո՞ւմ եք ինչ «օպերատիվ» են գործում/ կարող է ներկայացնել Շտաբին, հետո առաջարկեց դիմել Գերագույն Համակարգողին, այսինքն՝ ընկեր Հմայակին: Վերջինս էլ իր սովորության համաձայն ծամծմեց, ծամծմեց, բայց բացատրեց, որ ինքը «դեմք» չի Շտաբում եւ նպատակահարմար է դիմել կուսակցությունների ներկայացուցիչներին, մասնավորապես՝ ՀԱԿ-ի: Սակայն, ստիպված համաձայնվեց, որ իրեն դիմեմ: Բայց ինչպես՝ դեռ չգիտեր: Վերջապես դիմեցի, սակայն առ այսօր որեւէ արձագանք չեմ ստացել ԲՀԿ-ական այդ գիգանտից:
Նորից դիմեցի ՀԱԿ-ի շտաբային ներկայացուցչին, բայց հասկացա, որ նա իր լիազորությունների տերը չի: Դիմեցի ՀԱԿ ինքնակոչ համակարգողին, որն էլ առաջարկեց փաթեթն իրեն ուղարկել: Ուղարկեցի, սակայն առ այսօր՝ ոչ մի արձագանք:
Այսինքն, այս Շտաբը ցանկություն էլ չուներ եւ ոչ էլ պատրաստ էր որեւէ մեկին լսելու, իսկ երբ հնչեց ՀԱԿ առաջնորդի գովասանքներն այդ աննման Շտաբի մասին, իհարկե անգործությամբ տառապող, հասկացա, որ սրանց նպատակներն այլ են, այսինքն՝ ընտրախախտումների դեմ պայքարը չէ:
Իսկ ուրիշ ի՞նչ կարելի է մտածել»:
Հիշեցնենք, որ նախընտրական շրջանում ընտրությունների վերահսկման միասնական շտաբում ընդգրկվել էին ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն եւ ՀՅԴ-ն:




























