Հունաստանի ժամանակավոր կառավարության առաջին նիստում, որը պայքարում է դեֆոլտի հեռանկարի դեմ, նախարարները հրաժարվել են իրենց աշխատավարձերից:
Սահմանափակ հնարավորություններ ունեցող անցումային կառավարությունը ձեւավորվել է ընդամենը մեկ ամսով, մինչեւ հունիսի 17-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունները: «Ես կցանկանայի, որպեսզի կառավարությունում ոչ ոք գումար չստանա գանձարանից: Մենք բոլորս ունենք որոշակի եկամուտներ մեր մշտական աշխատավայրերից, այնպես որ այս 30 օրվա համար ես հատուկ աշխատավարձի անհրաժեշտություն չեմ տեսնում»,-ասել է ժամանակավոր կառավարության ղեկավար Պանայոտիս Պիկրամենոսը, հաղորդում է «Կոմերսանտը»:
Նրան արձագանքել է ԱԳ նախարար, հունական դիվանագիտության վետերան Պետրոս Մոլիվիատիսը, նշելով, որ բոլոր նախարարները պատրաստ են հրաժարվել աշխատավարձից:
Վարչապետը հավելել է, որ նախարարներից ակնկալում է համեստ ապրելակերպ: «Ես չէի ցանկանա, որպեսզի դուք լիմուզիններով շրջեք, շատ գործուղումների մեկնեք: Մենք կարող ենք քչով բավարարվել»,-ամփոփել է Պիկրամենոսը:



























