Չինական COSCO պետական նավագնացության ընկերությունն իր նավերի վրա թաքնված սարքավորումներ է տեղադրում՝ այլ երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի ափերի մոտ հետախուզական տվյալներ հավաքելու և ռազմական կապն որսալու համար։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաներին։

Նրանց փոխանցմամբ՝ COSCO-ն շուրջ տասը տարի հետախուզության ոլորտում համագործակցում է Չինաստանի իշխանությունների հետ։ Գործակալության զրուցակիցները պնդում են, որ այս գործընկերությունը Պեկինին հնարավորություն է տալիս որսալ Եվրոպայում, Հյուսիսային Ամերիկայում և Ասիայում գործող նավերի ու օդանավերի հաղորդակցությունը։

Նավերի վրա տեղադրված ժամանակակից սարքավորումները նախատեսված են ռազմական կապի տեխնոլոգիաների և վերծանման մշակումների վերաբերյալ տեղեկություններ հավաքելու համար։ Բացի այդ, ստացված տվյալները Չինաստանը կարող է օգտագործել միջազգային առևտրի և ռազմական նավագնացության համար առանցքային ծովային երթուղիները վերահսկելու նպատակով։

COSCO-ն չի արձագանքել Reuters-ի մեկնաբանություն տալու հարցմանը։ Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատունը հերքել է ամերիկյան կողմի մեղադրանքները։

2025 թվականի հունվարին Պենտագոնը COSCO-ին ներառել է չինական զինված ուժերի հետ կապ ունեցող ընկերությունների ցանկում։ Այս ցուցակում հայտնվելը վնասում է ընկերության հեղինակությանը և սահմանափակում ԱՄՆ կառավարության կողմից գնումներ կատարելու նրա հնարավորությունները, սակայն ինքնին պատժամիջոցների կիրառում չի ենթադրում։

Միևնույն ժամանակ, Չինաստանի օրենսդրությունն ուղղակիորեն պարտավորեցնում է տեղական ընկերություններին աջակցել պետական հետախուզական մարմիններին։

Չնայած ամերիկյան իշխանությունների կասկածներին՝ COSCO-ն շարունակում է մնալ ԱՄՆ նավահանգիստների հետ աշխատող խոշորագույն նավագնացային ընկերություններից մեկը։ Ընկերությունը նաև մասնակցում է մի շարք համատեղ ձեռնարկությունների, որոնք կոնտեյներային տերմինալների ծառայություններ են մատուցում ամերիկյան նավահանգիստներում։

«COSCO-ին մեր մատակարարման շղթաներից և տրանսպորտային ցանցերից դուրս մղելը կարող է կործանարար լինել ամերիկյան մանրածախ ցանցերի համար», — հայտարարել է Ջոնս Հոփքինսի անվան հեռանկարային միջազգային հետազոտությունների դպրոցի՝ Չինաստանի ծովային ռազմավարության հարցերով փորձագետ Այզեկ Կարդոնը։

COSCO-ի գործունեության մասին լուրերը շրջանառության մեջ են հայտնվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՉԺՀ նախագահ Սի Ծինփինի հանդիպման նախապատրաստական աշխատանքների ֆոնին, որն, ըստ սպասումների, տեղի կունենա Վաշինգտոնում սեպտեմբերի վերջին։ Կողմերը մտադիր են քննարկել, մասնավորապես, անվտանգության և առևտրի ոլորտի զգայուն հարցերը։