Իրանի հարավում գտնվող Սիրիկ քաղաքում կայացած հարսանեկան արարողությանը հասցված հարվածի հետևանքով երկու մարդ է զոհվել, ևս մի քանիսը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է Հորմոզգան նահանգի նահանգապետի քաղաքական և անվտանգության հարցերով տեղակալը, փոխանցում է Tasnim-ը:

Հարվածը հասցվել է Իրանի հարավում ԱՄՆ-ի հասցրած նոր ալիքի ֆոնին, որոնք Վաշինգտոնը կապում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) օբյեկտների հետ:

ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) տվյալներով՝ ամերիկյան ուժերը սեպտեմբերի 1-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանում ԻՀՊԿ-ի օբյեկտներին: Վաշինգտոնում հայտարարել են, որ թիրախ են դարձել, մասնավորապես, ռազմական հրամանատարական կետերը, հրթիռային և անօդաչու օբյեկտները, իսկ գործողությունը պատասխան էր Հորմուզի նեղուցում առևտրային նավագնացության և տարածաշրջանում ամերիկացի զինծառայողների վրա հարձակվելու ԻՀՊԿ փորձերին:

Հարվածները հասցվել են Իրանի հարավային ափամերձ մի քանի շրջանների, այդ թվում՝ Բանդար Աբասին, Ջասկին, Չաբահարին, Քոնարակին, Մինաբին, Սիրիկին և Քեշմ կղզուն: Այդ շրջաններում տեղի ունեցած պայթյունների մասին ավելի ուշ հայտնել էին նաև իրանական պետական ԶԼՄ-ները:

Ընդ որում, Իրանի իշխանությունները հայտնել են քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի մասին:

ԻՀՊԿ-ն ամերիկյան հարվածներն անվանել է «կույր և հուսահատ» և հայտարարել պատասխան գործողությունների մեկնարկի մասին: Կորպուսում նաև հայտնել են, որ իրանական ՀՕՊ համակարգը խոցել է ամերիկյան 50-րդ MQ-9 անօդաչու թռչող սարքը:

Ամերիկացի զինվորականները նախկինում բազմիցս հայտնել են Իրանի ռազմական ենթակառուցվածքներին հասցված հարվածների մասին՝ դրանք բացատրելով Հորմուզի նեղուցում նավերի և ամերիկյան ուժերի վրա հարձակվելու ԻՀՊԿ կարողությունները սահմանափակելու անհրաժեշտությամբ: