«Հայրենիք եւ պատիվ» կուսակցությունը չի լքում Հայ ազգային կոնգրեսը, սակայն դեմ է եղել, թե’ ընտրություններին ՀԱԿ-ի մասնակցությանը, թե’ մանդատները պահպանելուն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայրենիք եւ պատիվ» կուսակցություն ղեկավար Գառնիկ Մարգարյանը:

«Այդ լուրերը, որ տարածվել են, իրականությանը չեն համապատասխանում եւ այդ կապակցությամբ ոչինչ չեմ կարող ասել»,-ասաց նա:

Հարցին, թե առաջիկայում է՞լ նման պլաններ չկան, Մարգարյանը պատասխանեց. «Երբ որ քննարկվի, այդ ժամանակ էլ կասեմ: Ժամանակացույց էլ չկա, քանի որ հիմա մենք մտածում ենք մեր կուսակցության գործողությունների ու գործունեության մասին: Դա ավելի կարեւոր է»:

Ինչ վերաբերում է ՀԱԿ-ի ստացած մանդատները վայր դնել-չդնելուն, նա ասաց. «Ովքեր մասնակցել են ընտրություններին, դա իրենց խնդիրն է: Մենք ի սկզբանե դեմ ենք եղել մասնակցությանը եւ հիմա էլ մանդատները վերցնելուն»: