Օգոստոսի 27-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Դավիթաշենի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ մի քաղաքացի ձախ դաստակի 1-ին, 2-րդ և 3-րդ աստիճանի այրվածքներով տեղափոխվել է «Այրվածքաբանության ազգային կենտրոն», հաղորդում է Shamshyan.com—ը։

Հիվանդանոցում պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ, 28-ամյա Սարգիս Գ․-ն է։

Ոստիկանները պարզել են նաև, որ ժամը 17։30-ի սահմաններում Սարգիս Գ․-ն Դավիթաշեն 1-ին թաղամասի հասցեներից մեկի հետնամասում գտնվող հոսանքի ենթակայանում առաջացած վթարը վերացնելու նպատակով ցանկացել է անջատել սնուցող հոսանքը, որի ընթացքում հոսանքահարվել է, ինչի հետևանքով ստացել է այրվածքներ։

Սարգիս Գ․-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում՝ որպես մոնտյոր։