Ացտեկները, ինկերը, այներն ու շումերները, նույնիսկ սկանդինավացիները սերել են հին թուրքմեններից: Ավելին` ըստ էության, նրանք ոչ այլ ոք էին, քան հին թուրքմեններ, որոնք, տեղափոխվելով Եվրոպա, Ասիա եւ Ամերիկա, աշխարհին էին բաշխում իրենց բարձր մշակույթը, գիտելիքները եւ քաղաքակրթությունը: Այդ վարկածի հեղինակը Թուրքմենստանի գիտության վաստակավոր գործիչ, ակադեմիկոս, երկրաֆիզիկայի եւ երկրաբանության պրոֆեսոր Օդեկ Օդեկովն է:

Ինչպես հաղորդում է «Ֆերգանան», վկայակոչելով ակադեմիկոսին, մարդկությունն իր այսօրվա ողջ ձեռքբերումնների համար պարտական է հին թուրքմեններին. լոկ նրանց գոյության փաստն արդեն բավարար է երախտապարտության համար:

Օդեկովը համարում է, որ «թուրք» ցեղանունը ծագել է «թեքե» անունից: Թուրքմենստանի իշխող տոհմը, որին պատկանում է նաեւ գործող նախագահը, ծագում է հենց թեքե ցեղից: Այսպիսով, գրում է պարբերականը, Օդեկովը գիտական հիմք է կառուցում Գուրբանղուլի Բերդիմուհամեդովի իշխանության համար:

Ըստ երեւույթին, աթոռին մնալու համար նրան հույժ կարեւոր են սկանդինավյան աստվածների եւ ինկերի քրմերի բարեխոսությունները:

«Ավեստայի» հեղինակ Զրադաշտը, պնդում է գիտնականը, նույնպես թուրքմեն էր: Ահա եւ ապացույցը. «25 երկարուձիգ դար հետո Թուրքմենստանի սուրբ հողի վրա ծնվել է Մեծն Սափարմուրաթ Թուրքմենբաշին, ով կերտել է հին թուրքմենական «Ռուհնամա» էպոսի հոգեմարմինը, որն իր հաղթական շքերթն է գործում Երկիր մոլորակի պետություններով ու մայրցամաքներով»:

Սկանդինավացիների համար եւս գտնվեց մի ապացույց. «Իսլանդիայի եւ Նորվեգիայի աստվածացված հիմնադիրներ Օդինն ու Տորը իրենց ժողովուրդը դուրս են բերել Դոնից դեպի արեւելք գտնվող երկրից: Իսկ դրանից առաջ նրանց հիմնական նստավայրը` Ասգարդը, գտնվում էր Կասպից ծովից դեպի արեւելք»: Այս տրամաբանության հանճարեղ արգասիքը. Օդինը եւ Զրադաշտը «նույն անձն են»: