Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ: Այդ մասին, այսօր՝ սեպտեմբերի 2–ին Երևանի նորակառույց թիվ 139 դպրոցում իր ելույթի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա, մասնավորաես, նշել է. «Շնորհավորում եմ բոլորիս Կարեն Դեմիրճյանի անվան դպրոցի վերաբացման, կառուցման առիթով։ Սա մեծ իրադարձություն է կրթության ոլորտի համար, կառավարության համար, Երևանի համար և համոզված եմ բոլորիդ համար։ Դպրոցը մի տեղ է, որտեղ երեխաները սովորում են, բայց դպրոցաշինության այս ծրագիրը կրթական ծրագիր է նաև պետության և կառավարության համար։ Մենք սովորում ենք 21-րդ դարում դպրոց կառուցել և դա խնդրի առաջին մասն է, դպրոցի հետագա կյանքը և ընթացքը երկրորդ խնդիրն է, որովհետև հիմա շատ ընդգծվում է հարցը, թե ի՞նչ պետք է երեխաները դպրոցում սովորեն և ի՞նչ հմտություններով պետք է դպրոցից դուրս գան։ Սա թերևս ամենակարևոր հարցն է։

Մեր ընկալումը այն է, որ դպրոցում երեխաները պետք է ձեռք բերեն բարեկեցիկ կյանքով ապրելու համար անհրաժեշտ հմտություններ։ Բայց սրանով էլ խնդիրը չի լուծվում, որովհետև ժամանակակից աշխարհը շատ փոխվում է և  արհեստական բանականության մուտքով, ընդհանրապես, աշխատաշուկան է փոխվելու։ Այստեղ էլ մենք պետք է կարողանանք ճկուն լինել, ճիշտ արձագանքել իր վիճակին, մենք պետք է կրթական համակարգը բարեփոխենք այնպես, որը մեր երեխաներին կյանքի փոփոխություններին ադապտացվելու հնարավորություն տա»։

 Նրա խոսքով, ճիշտ է միտքը, որ խելացին նա է, ով ունի ադապտացվելու ընդունակություն. «Մի օր սրճարանում նստած էի, մի հին ծանոթ անցնում էր, մոտեցավ, ասեց՝ գիտես երկու դիպլոմ ունեմ, տաքսի են քշում, խնդրում եմ օգնի մի տեղ աշխատանքի ընդունվեմ։ Ասեցի՝ թափուր աշխատատեղերի համար մրցույթներին մասնակցեք։ Ասեց՝ գիտես, դա էլեկտրոնային փոստով է, համակարգչի ընդհանրապես չեն տիրապետում։ Ես չեմ կարող կասկածի տակ առնել, որ այդ մարդը խելացի է։ Այո, երկու դիպլոմ ունի, հնարավոր է երկու դիպլոմն էլ կարմիր, հնարավոր է շատ խոր գիտելիքներ ունի այն ոլորտում, որի հետ կապված այդ դիպլոմը ստացել է, բայց ինքը այսօր չի կարող ավելին անել, քան տաքսի քշելը, որովհետեև չի կարող էլեկտրոնային տարբերակով լրացնել թափուր աշխատատեղի համար հայտարարված մրցույթին մասնակցելու։

Մենք նոր չափորոշիչը ընդունել ենք, բայց ամեն տարի պետք է դա անընդհատ թարմացնենք, որովհետև հիմա կյանքը այն արագությամբ է փոխվում, որ մեր չափորոշիչները կարող են ուղղակի հետ մնալ և ընդհանրապես ունենալ ոչ մրցունակ կրթական համակարգ»,– ընդգծեց Փաշինյանը։

Շատ կարևոր է, որ ի դեմս այս դպրոցի և մյուս դպրոցների յուրաքանչյուր աշակերտ իր համար արձանագրի մի բան, որ իր պետությունը՝ Հայաստանի Հանրապետությունը, որևէ ջանք չի խնայում, որպեսզի իրենից կախված ամենը անի, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ, կյանքում լինի հաջողակ։ Ի՞նչ է նշանակում հաջողակ, նշանակում է սեփական աշխատանքով կարողանալ ապահովել սեփական բարեկեցությունը, իսկ դա իր հերթին նշանակում է պետության ավելի բարձր բարեկեցության մակարդակ, որովհետև յուրաքանչյուր ոք, ով ինքը իր համար բարեկեցություն է ստեղծում և օրինապահ քաղաքացի է, միանշանակ դրանից ավելի շատ շահում է պետությունը։

Մենք ուզում ենք, որ դուք լինեք հաջողակ, որովհետև ձեր հաջողակ լինելը նշանակում է հաջողակ պետություն, Հայաստանի Հանրապետություն»։