Ռուսական դպրոցները ուսումնական տարվա սկիզբը դիմավորեցին աշակերտների կողմից իրենց համադասարանցիների և ուսուցիչների վրա զինված հարձակումների շարքով։

Սեպտեմբերի 2-ի առավոտյան Նոր Մոսկվայի Դ. Վ. Ռյաբինկինի անվան թիվ 1392 դպրոցում աշակերտը դանակով հարձակվել է ուսուցչի վրա։ Հաստատության տնօրեն Դենիս Բախարևը ճշտել է, որ դա «առողջական առանձնահատկություններ ունեցող» դեռահաս էր, նրան վնասազերծել է պահպանությունը։ Մանկավարժը ստացել է «մակերեսային վնասվածքներ», նրան ցուցաբերում են բժշկական օգնություն։ Սկսվել է ներքին հետաքննություն։

Ականատեսները «Осторожно, Москва»-ին պատմել են, որ ուսուցչի վրա հարձակվել է ութերորդ դասարանի աշակերտը, որը նախկինում թողնվել էր նույն դասարանում։ Ալիքի տվյալներով՝ տուժել է սոցիալական մանկավարժը, որը համատեղությամբ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։

Նույնպես սեպտեմբերի 2-ին դանակով հարձակում է տեղի ունեցել նաև Բաշկորտոստանի Կուշնարենկովո գյուղի գիմնազիայում։ Առաջին դասից հետո իններորդ դասարանի աշակերտներից մեկը վիրավորել է համադասարանցուն։ Տուժածին հոսպիտալացրել են միջին ծանրության վիճակում, հայտնել է Կուշնարենկովոյի շրջանի ղեկավար Մարատ Լատիպովը։ Տարածաշրջանային առողջապահության նախարարությունում հավելել են, որ դեռահասին շտապ վիրահատել են․ նրա մոտ եղել են «բազմաթիվ դանակահարության վերքեր»։ Հարձակվողը ձերբակալվել է։

Բաշկորտոստանի փոխվարչապետ Ուրալ Կիլսենբաևը հայտարարել է, որ դասի ընթացքում իններորդ դասարանցիների միջև անձնական տարաձայնությունների հողի վրա կոնֆլիկտ է տեղի ունեցել։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել սպանության փորձի հոդվածով։

Սա արդեն երրորդ հարձակումն է ռուսական ուսումնական հաստատություններում վերջին երկու օրվա ընթացքում։ Սեպտեմբերի 1-ին Կրասնոյարսկի երկրամասի Կանսկ քաղաքի թիվ 2 դպրոցում յոթերորդ դասարանի աշակերտուհին ցողել է պղպեղային բալոն և տոնական հանդիսավոր շարքի ժամանակ փորձել է դանակով հարվածել ուսուցչուհուն։ Արդյունքում տուժել է 7 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա։ Հարուցվել է քրեական գործ։

«Նովայա գազետա Եվրոպա»-ի հաշվարկներով՝ 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մայիսի վերջ դպրոցներում, քոլեջներում, տեխնիկումներում և համալսարաններում տեղի է ունեցել առնվազն 25 դեպք՝ կապված հարձակումների կամ զենքով սպառնալիքների հետ, ինչը դարձել է առնվազն վերջին յոթ տարվա ամենաբարձր ցուցանիշը։ Արդյունքում չորս մարդ զոհվել է, ևս 38-ը տուժել են։