Բայոյի հռչակավոր գոբելենը գրեթե 900 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ կցուցադրվի Անգլիայում. ցուցահանդեսը կբացվի սեպտեմբերի 10-ին Լոնդոնի Բրիտանական թանգարանում: BBC News-ի փոխանցմամբ՝ բացման նախօրեին ցուցանմուշին ծանոթանալու են Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ III-ը, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Էնդի Բերնհեմը:
Մոտ 70 մետր երկարություն ունեցող այս գոբելենը, որը ասղնագործված է կտավատի հիմքի վրա բրդյա թելերով, պատմում է 1066 թվականի Նորմանդական նվաճման և Հասթինգսի ճակատամարտի մասին։ Այն պատկերում է անգլիական գահի համար պայքարի առանցքային դրվագները, նորմանդացիների ափհանումը և Հարոլդ II թագավորի զոհվելը, ինչից հետո Վիլհելմ Նվաճողը դարձավ Անգլիայի թագավոր:
Համարվում է, որ գոբելենը 1070-ականներին ստեղծել են անգլիացի վարպետուհիները՝ նոր նորմանդական քանոնների պատվերով։ Այն բաղկացած է 58 տեսարանից, պատկերում է 627 մարդկային կերպար, 737 կենդանի և 37 նավ, որոնք ուղեկցվում են լատիներեն մակագրություններով: Ստեղծագործության եզրափակիչ հատվածը կորսված է:
Գոբելենը Մեծ Բրիտանիային փոխանցելու մասին Մակրոնը հայտարարել էր 2025 թվականի հուլիսին իր պետական այցի ընթացքում։ Ցուցանմուշը Լոնդոնում կմնա մինչև 2027 թվականի հուլիսը։ Ֆրանսիայի նախագահը դրա ժամանակավոր փոխանցումն անվանել է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի միջև սերտ կապերի «հզոր խորհրդանիշ»:
Ֆրանսիական իշխանություններն ավելի վերջերս մտահոգություն են հայտնել, որ դյուրաբեկ կտավի տեղափոխումը կարող է վնասել ասեղնագործությունը, սակայն նշել են, որ Բրիտանական թանգարանում դրա ցուցադրման պայմաններն օպտիմալ են: Լոնդոնում գոբելենը ցուցադրվելու է հորիզոնական դիրքով, ինչը, մասնագետների կարծիքով, լավագույնս է նպաստում ավելի քան 900 տարվա պատմություն ունեցող թելերի պահպանմանը:
Գոբելենի պատմությունը կապված է նաև հետագայում նրան սպառնացած վտանգների հետ: 18-րդ դարում՝ Ֆրանսիական հեղափոխության ժամանակ, այն քիչ էր մնում կտրատեին՝ բանակային սայլերի համար ծածկոցներ կարելու նպատակով:
Անցյալ տարի Վինձորում կայացած տոնական ընդունելության ժամանակ Մակրոնը գոբելենի կորսված եզրափակիչ մասը համեմատել էր երկու երկրների հարաբերությունների պատմության հետ՝ նշելով. «Ֆրանս-բրիտանական պատմության մեծ կտավի ավարտը դեռ պետք է գրվի, և դա պետք է անենք մենք»:
Նախնական դիտմանը հրավիրվել են նաև Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի դպրոցականներ: Չարլզ III-ը և Մակրոնը հանդես կգան ելույթով՝ ընդգծելով գոբելենի փոխանցման պատմական նշանակությունը:
Մշակութային փոխանակման շրջանակում Մեծ Բրիտանիան իր հերթին Ֆրանսիային կփոխանցի Բրիտանական թանգարանում պահվող Սաթոն Հուի անգլոսաքսոնական դամբարանի գանձերի մի մասը:
Լոնդոնում գոբելենի ցուցահանդեսը մեծ հետաքրքրություն է առաջացրել. տոմսերն արդեն ամբողջությամբ սպառվել են մինչև 2026 թվականի վերջը: 2027 թվականի հունվարից մարտ ընկած ժամանակահատվածի տոմսերի վաճառքը կսկսվի հոկտեմբերի 21-ին։





























