Մոսկվայի Բուտիրյան դատարանում մայիսի 17-ին սկսվել է Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան աշխատակից Արթուր Վարժապետյանի դստեր առեւանգման փորձի կապակցությամբ հարուցված քրգործի քննությունը:
Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստին», գործով որպես մեղադրյալ անցնում են «Մատրոսսկայա Տիշինա» մեկուսարանի նախկին աշխատակիցներ Սերգեյ Արիսովն ու Գեորգի Իվանովը: Քննության վարկածով, Արիսովը ցանկացել է առեւանգել Վարժապետյանի դստերն ու 10 մլն եվրո փրկագին պահանջել:
Քննչական մարմինը պարզել է, որ հանցավոր մտադրության իրականացման համար հանցագործները ներգրավել են առանց կանոնների մարտերի մարզիկ Արթուր Մեջիդովին եւ Տարիել Շակարիշվիլիին, նաեւ մտադրվել են այլ մարդկանց ընդգրկել:
Այդ մասին տեղեկացել են քրեական հետախուզության աշխատակիցները եւ իրենք են գաղտնի գործակալների ընդգրկել խմբում:
Իվանովն ու Արիսովն իրենք են ձերբակալվել հանցավոր արարքի կատարման փորձի պահին:
Նշենք, որ սա տվյալ քրգործով կրկնակի լսումն է: Անցած տարվա գարնանը դատարանը Արիսովին դատապարտել էր 10 տարվա, Իվանովին` 14,5, Մեջիդովին եւ Շակարիշվիլիին` 9,5-ական տարվա ազատազրկման: Սակայն, Մոսկվայի դատարանի վճռով դատավճիռը չեղյալ էր հայտարարվել եւ գործն ուղարկվել էր վերանայման:




























