Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Արևելքի երկրների հետ ավելի սերտ հարաբերություններ հաստատելու Անկարայի ձգտումը չի նշանակում հրաժարում Արևմուտքի հետ համագործակցությունից, հայտնում է Associated Press-ը:
«Կազմակերպությանը Թուրքիայի անդամակցության հեռանկարը չի նշանակում որևէ դաշինքի հետ կապերի խզում կամ Արևմուտքից երես թեքում», — Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովից վերադառնալիս՝ լրագրողների հետ նախագահական ինքնաթիռում զրուցելիս, ասել է Էրդողանը։
Թուրքիայի ղեկավարի խոսքով՝ Անկարան նախկինի պես ակնկալում է դառնալ ՇՀԿ լիիրավ անդամ: Այս պահին կազմակերպության մեջ մտնում է 10 պետություն, այդ թվում՝ Ռուսաստանը, Չինաստանը, Հնդկաստանն ու Իրանը:
Գագաթնաժողովի շրջանակում Էրդողանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը, մասնավորապես, քննարկել են ատոմային էներգետիկայի ոլորտում հետագա համագործակցությունը:
Անդրադառնալով Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակին՝ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան և Մոսկվան ակնկալում են հակամարտության շուտափույթ խաղաղ ավարտ: Թուրքիան միևնույն ժամանակ շարունակում է աշխատանքային հարաբերություններ պահպանել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Ուկրաինայի հետ:
Թուրքիայի նախագահը առանձնահատուկ ուշադրություն է դարձրել Սև ծովում նավագնացության անվտանգությանը, որտեղ հաճախակիացել են քաղաքացիական նավերի վրա հարձակումները: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել մեխանիզմ, որը մշտական հիմունքներով կապահովեր առևտրային ծովային տրանսպորտի անվտանգությունը և թույլ չէր տա պարենային ճգնաժամի նոր սրում:
Թուրքիան որպես միջնորդ է հանդես եկել 2022 թվականին Սևծովյան հացահատիկային համաձայնագրի կնքման ժամանակ, որն ապահովեց ուկրաինական հացահատիկի արտահանումը երկրի նավահանգիստներով: Ռուսաստանը դուրս եկավ համաձայնագրից մեկ տարի անց:
ՇՀԿ-ն ստեղծվել է 2001 թվականին: Ռուսաստանից, Չինաստանից, Հնդկաստանից և Իրանից բացի, դրա կազմում են Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը, Պակիuտանն ու Բելառուսը:





























