Ամերիկյան Chevron նավթային ընկերությունը նախատեսում է առաջիկա հինգ տարիների ընթացքում 7 միլիարդ դոլար ներդնել Վենեսուելայի նավթարդյունաբերության մեջ և երկրում արդյունահանման ծավալները կրկնապատկել՝ հասցնելով օրական շուրջ 600 հազար բարելի: Այս մասին հայտնում է CBS News-ը՝ հղում անելով ընկերության հայտարարությանը:

Chevron-ը՝ Վենեսուելայում գործունեությունը շարունակող միակ ամերիկյան նավթային ընկերությունը, ստացել է Օրինոկոյի նավթաբեր գոտում գտնվող «Carabobo 1» և «Carabobo-2-South-A» հարևան տեղամասերի մշակման իրավունքը: Ընկերության տվյալներով՝ Վենեսուելայում նավթի արդյունահանման ինքնարժեքը կազմում է մոտ 20 դոլար՝ մեկ բարելի դիմաց:

«Բարելավված պայմանների և լրացուցիչ տեղամասերի շնորհիվ մենք ամրապնդում ենք մեր ակտիվների փաթեթը, որը, մեր համոզմամբ, ունակ է ցածր ինքնարժեքով արդյունահանման գրավիչ աճ ապահովել», — հայտարարել է Chevron-ի գլխավոր տնօրեն Մայք Վիրթը:

Սպասվում է, որ Chevron-ի ներկայացուցիչները և ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը չորեքշաբթի կայցելեն Վենեսուելա, որտեղ պաշտոնապես կհայտարարվի նոր ներդրումների մասին:

Ընկերությունը Վենեսուելայում գործում է 1923 թվականից: Նրա «Petroindependencia» և «Petropiar» համատեղ ձեռնարկությունները զբաղվում են Օրինոկոյի գոտում գերծանր նավթի արդյունահանման ծրագրերով, իսկ «Petroboscan»-ը գործում է արևմտյան Սուլիա նահանգում:

Chevron-ի այս որոշումը հաջորդել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի օգոստոսի 28-ին հայտարարած գործարքին, որը կնքվել էր Վենեսուելայի հետ՝ շուրջ 65 միլիարդ բարել պաշարներով նավթահանքերի մշակման մասնավոր համատեղ ձեռնարկություն ստեղծելու վերաբերյալ: Սպիտակ տան տվյալներով՝ ծրագիրն իրականացնում է ամերիկյան մասնավոր «North American Blue Energy Partners» (NABEP) ընկերությունը, որին Վենեսուելայի իշխանությունները 17 հանքավայրերի մշակման 100-ամյա կոնցեսիոն իրավունք են տրամադրել:

ՕՊԵԿ-ի 2025 թվականի վիճակագրական տեղեկագրի համաձայն՝ Վենեսուելան տիրապետում է աշխարհում նավթի խոշորագույն պաշարներին Fավելի քան 303 միլիարդ բարել): Երկրորդ տեղում Սաուդյան Արաբիան է՝ 267 միլիարդ բարելով:

Թրամփը հայտարարել էր, որ Վենեսուելայի հետ համաձայնագիրը կօգնի նվազեցնել բենզինի գները Միացյալ Նահանգներում և համալրել երկրի Ռազմավարական նավթային պահուստը: Այնուամենայնիվ, փորձագետները կարծում են, որ մատակարարումների զգալի աճին պետք է սպասել միայն մի քանի տարի անց:

Վենեսուելայի նավթային ոլորտը տառապում է տարիների թերֆինանսավորումից, իսկ պաշարների մեծ մասը բաժին է ընկնում գերծանր նավթին, որի արդյունահանումը պահանջում է մաշված ենթակառուցվածքների վերականգնում և հսկայական ներդրումներ:

«Արդյունահանման էական ավելացմանը պետք է սպասել միայն մի քանի տարի անց», — նշել է «Alpine Macro» ներդրումային ընկերության գլխավոր աշխարհաքաղաքական ռազմավար Դեն Ալամարիուն: