Փաշինյան–Պուտին հաջորդ հանդիպման ժամանակ կողմերը կրկին մնալու են նույն դիրքորոշմանը, հաջորդ հանդիպումը դեկտեմբերին ավելի մոտ է լինելու, քան ներկայիս հանդիպումը, դեկտեմբերին էլ շատ մեծ հավանականությամբ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին սառեցվելու է։ Այս մասին NEWS.am–ին տված հարցազրույցում նշեց քաղաքագետ Բենյամին Մաթևոսյանը։

«Սրա մասին ես չեմ ասում, Կրեմլյան փուլի լրագրողներից մեկը «Կոմերսանտում» մի բավականին ծավալուն հոդված էր գրել, որտեղ անդրադարձել էր Պուտին-Փաշինյան բանակցություններին։ Նա ասում է, որ Փաշինյանը նման չէ մարդու, ով պատրաստ է գնալ հանրաքվեի, դա նշանակում է, որ ԵԱՏՄ գագաթաժողովի ժամանակ Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին սառեցվելու է։

Նիկոլ Փաշինյանը այնքան կարմիր գծեր է հատել առաջին հերթին հայ ժողովրդի անվտանգության տեսանկյունից, ինքը դավաճանել է մեր թիվ մեկ դաշնակցին՝ Արցախի Հանրապետությանը։ Ինքը Արցախի Հանրապետությանը դավաճանել է Ռուսաստանին ցավացնելու, վնաս հասցնելու, Հարավային Կովկասում իրենց ներկայությունը նվազեցնելու համար։ Ինքը հասկանում է, որ եթե ինքը փորձի կյանքի կոչել այն պայմանները, որոնք իր առջև դնում են Ռուսաստանի մեր հարգելի գործընկերները, ԵՄ–ի մեր էլ ավելի հարգելի գործընկերները, Թուրքիայի, ԱՄՆ–ի գործընկերները Նիկոլ Փաշինյանի հետ կարող են անել այն, ինչ տեղի ունեցավ 2018–ին։ Իրենք կարող են փորձել գեներացնել ինչ-որ մի փողոցային շարժում և Նիկոլ Փաշինյանին ճանապարհեն չվաստակված հանգստի, թոշակի։

Ինքը չի էլ ուզում Ռուսաստանի պահանջները կյանքի կոչել, որովհետև այդ մարդուն բերել են կոնկրետ նպատակով, որպեսզի ինքը Ռուսաստանին մաքսիմալ հնարավոր վնաս հասցնի, հնարավորինս դուրս մղվի Ռուսաստանը տարածաշրջանից։

Ռուսները շատ անկանխատեսելի հակառակորդներ կամ թշնամիներ են, ինքը չգիտի Ռուսաստանից ինչ սպասի, բայց այս հանդիպման բաց մասը վկայում է հետևյալի մասին, որ խնդիրները ոչ միայն չեն լուծվում, այլև խորանում են։ Այս իրավիճակում պետական ապարատը իրեն ո՞նց կպահի, իր խմբակցությունը ո՞նց կպահի, բիզնես էլիտաները ոնց կպահեն, Նիկոլ Փաշինյանը այդ հարցի պատասխանը չունի, դրա համար ինքը փորձում է կանխարգելիչ, այսպես ասած, գործողություններ իրականացնի՝ ասելով, որ ամեն ինչ լավ է։ Թե որքան կկարողանա սա ձգել, ես չեմ կարող ասել»,–ասաց քաղաքագետը։

Նրա խոսքով, այն, որ 2026–2031 թթ կառավարության ծրագրում Ռուսաստանը չի նշված որպես ռազմավարական դաշնակից, նաև ՀԿԵ–ի մասին հնչող հայտարարությունները վկայում են, որ Ռուսաստանը եթե ոչ թշնամի, ապա թշնամուն մոտ կարգավիճակ ունի։

«Ասում է՝ Սան Ստեֆանոյի գագաթնաժողովից սկսած Ռուսական կայսրությունը հայերին օգտագործել է։ Այսինքն դու ասում ես, որ Ռուսաստանն է մեղավոր, որ տեղի է ունեցել ցեղասպանություն։ Արդյոք սա թշնամական դրսևորում չէ։

Անկախ նրանից, թե Նիկոլ Փաշինյանը ինչ կասի, ինչ կանի, քանի լայվ կմտնի, եթե անգամ ուղիղ եթերում «Մատուշկա զեմլյա» երգի տակ Մայակովսկու բանաստեղծությունները ընթերցի, միևնույն է, Ռուսաստանի պահանջները չի փոխվելու։ Ռուսները ասում են հետևյալը՝ ԵՄ գնալու մասին օրենք ես ընդունել, պատասխանատվություն կրի դրա համար, հանրաքվե արա»,–ասաց նա։