Լիբանանի իշխանությունները կալանավորել են սիրիացի նախկին գնդապետի և ևս մի քանի անձանց, որոնք կասկածվում են Սիրիայի նոր կառավարության ուժերի դեմ հարձակումներ նախապատրաստելու մեջ, AFP գործակալությանը հայտնել է դատական աղբյուրը:
Նրա խոսքով՝ ձերբակալվածների թվում են Լիբանանի երկու քաղաքացի և երեք սիրիացի, որոնցից մեկը նախկինում ծառայել է սիրիական հետախուզությունում՝ որպես գնդապետ: Նրանց մոտ հայտնաբերվել և առգրավվել է ինքնաձիգ, ձեռքի ռումբեր, դիպուկահար հրացաններ և պայթուցիկ նյութեր:
Աղբյուրի տվյալներով՝ խմբավորման անդամները ռազմական պատրաստություն են անցել լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման մարտիկների մոտ՝ Լիբանանի արևելքում:
Ցանցի ենթադրյալ ղեկավարը սիրիացի նախկին գեներալ-մայոր է, ով մտերիմ է եղել տապալված նախագահ Բաշար ալ-Ասադի հետ: Սիրիայի նախկին առաջնորդի նման նա ևս ներկայումս գտնվում է Մոսկվայում:
Նախնական հետաքննությունը ցույց է տվել, որ կասկածյալները ծրագրում էին գործողություններ իրականացնել կառավարական ուժերի դեմ Սիրիայի ծովափնյա շրջաններում՝ այն տարածքում, որը համարվում է ալավիական փոքրամասնության հենակետը (որին պատկանում է Ասադի ընտանիքը): Անցյալ տարվա մարտին այնտեղ տեղի էին ունեցել միջդավանական բախումներ և զանգվածային բռնություններ:
«Հեզբոլլահը» եղել է Ասադի կառավարության դաշնակիցը և նրա կողմից մասնակցել է քաղաքացիական պատերազմին: 2024 թվականի դեկտեմբերին Ասադի տապալումից հետո Սիրիայի նոր իշխանություններն սկսեցին ամրապնդել երկրի նկատմամբ վերահսկողությունը, իսկ շարժման ազդեցությունը տարածաշրջանում թուլացավ:
Ձերբակալությունները տեղի են ունեցել Դամասկոսում իշխանափոխությունից հետո՝ Լիբանանի և Սիրիայի միջև հարաբերությունները կարգավորելու փորձերի ֆոնին: Անցյալ ամիս Լիբանանի իշխանությունները Սիրիային էին արտահանձնել Ասադի ժամանակաշրջանի նախկին գեներալին, որը, մասնավորապես, մեղադրվում է սպանությունների և խոշտանգումների մեջ:





























