Ադրբեջանական բանակ զորակոչում են ում պատահի` կույրերի, խուլերի, առանց երիկամների, սրտային անբավարարվածությամբ եւ այլ հիվանդություններով տառապող մարդկանց, իսկ նրանց խոհարարները հիվանդ են տուբերկուլյոզով: Այս կապակցությամբ Բաքվում կայացած մամուլի ասուլիսում իրավապաշտպան Ալեքպեր Մամեդովը թվարկել է ադրբեջանական բանակի զորակոչի հետ կապված անօրինականության մի շարք բացահայտ դեպքեր:
Ինչպես հաղորդում է ադրբեջանական «Թուրան» գործակալությունը, 2012թ. հունվարին բանակ են զորակոչել 29-ամյա Իլհամ Շաֆագատովին, ով 10 տարի շարունակ անպիտան էր համարվում ծառայության համար: Զորկոչվելուց հետո նա ռազմական հոսպիտալում անցկացրել է 3 ամիս:
Իլհամի հետ միասին բանակ են զորակոչվել նրա երկու եղբայրները` 20-ամյա Էլնուրը եւ 24-ամյա Ֆաիկը: Առաջինը սրտային եւ երիկամային անբավարարվածությամբ է տառապում, երկրորդը` տուբերկուլյոզով: Ֆաիկին հանձնարարվել է խոհարարի գործը:
«Նախկինում Ադրբեջանի բանակում ծառայում էին կույրերն ու խուլերը, իսկ հիմա հայտնվել են նաեւ տուբերկուլյուզով հիվանդները»,-նկատել է Մամեդովը:




























