Պենտագոնի ղեկավար Փիթ Հեգսեթը ոչ հրապարակային կերպով երկարաձգում է Մերձավոր Արևելքում ամերիկացի զինվորականների տեղակայման ժամկետները՝ ընդունելով, որ Իրանի դեմ գործողությունը կարող է չավարտվել այս տարի։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal (WSJ) թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Մերձավոր Արևելքում գործում են ԱՄՆ ռազմածովային ուժերի 19 նավ, կործանիչների էսկադրիլիաներ, ՀՕՊ ստորաբաժանումներ և դեսանտայիններ, հիշեցնում է պարբերականը՝ նշելով, որ տարածաշրջանում երկարաձգվող տեղակայումը բացասաբար է անդրադառնում զինծառայողների վիճակի վրա և թույլ չի տալիս պատշաճ կերպով սպասարկել ռազմական տեխնիկան։ Լոգիստիկ խնդիրների պատճառով նավաստիները շատ ավելի հազվադեպ են սկսվել ստանալ նամակներ և ծանրոցներ հարազատներից, ինչպես նաև դժվարացել է պաշարների համալրման գործընթացը, գրում է թերթը։
Թերթի տվյալներով՝ ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը մասնավոր կարգով աջակցում է Թեհրանի դեմ ռազմական գործողությունների ավարտի մասին հայտարարելու գաղափարին և կարծում է, որ իսլամական հանրապետության նկատմամբ տնտեսական ճնշումը Վաշինգտոնին թույլ կտա հասնել իր նպատակներին։ Այնուամենայնիվ, Մերձավոր Արևելքում շարունակում են մնալ 50 հազար զինվորականներ, ընդգծում է պարբերականը։
Քանի որ հակամարտությունը ձգձգվում է, զինծառայողների տեղակայումը տևում է ավելի երկար, քան նախատեսվել էր։ Ինչպես նշվում է, ԱՄՆ բանակի ՀՕՊ ուժերի զինծառայողների մարտական տեղակայման ստանդարտ ժամկետը 9 ամսից աճել է մինչև 12 ամիս։ Spruance և Delbert D Black ականակիրները Մերձավոր Արևելքում են գտնվում ԱՄՆ-ի ռազմական գործողության սկզբից ի վեր, այժմ նրանք մասնակցում են ծովային շրջափակմանը, և նրանց անձնակազմերը ամիսներ շարունակ գտնվում են ծովում՝ առանց ցամաք դուրս գալու։ Բացի այդ, հաջորդ տարի Մերձավոր Արևելքում կարող են մնալ 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումները։ WSJ-ի աղբյուրների տվյալներով՝ տարածաշրջան հնարավոր տեղափոխման է նախապատրաստվում Theodore Roosevelt ավիակիրը, և դրա մարտական հերթապահությունը կարող է ձգվել մինչև հաջորդ տարվա գարուն ներառյալ։





























