Անցած երեքշաբթի ԱՄՆ զինվորականներին հաջողվել է Հորմուզի նեղուցով ուղեկցել 40 նավ՝ 18 մլն բարել նավթով՝ միաժամանակ հետ մղելով իրանական հարձակումները, CNN-ին հայտնել են ամերիկացի երկու պաշտոնյաներ։

«Գործողության ընթացքին ծանոթ երկու պաշտոնյաներ ասել են, որ մինչ ԱՄՆ-ն և Իրանը փոխանակվում էին հարվածներով, ամերիկացի զինվորականները անցկացրել են 40 նավ, որոնք տեղափոխում էին 18 մլն բարել նավթ, և սա հակամարտության սկզբից ի վեր ամենաբարձր ցուցանիշն է։ Մինչ դրա սկսվելը՝ վեց ամիս առաջ, նեղուցով օրական անցնում էր 20 մլն բարել», - հայտնում է հեռուստաալիքը։

Նրա զրուցակիցները պնդել են, որ ԱՄՆ զինվորականները միաժամանակ խոցում էին Իրանի արձակած անօդաչու թռչող սարքերն ու հակառակնավային հրթիռները։ Միևնույն ժամանակ ամերիկյան զորքերը հարվածներ են հասցրել նեղուցի շրջանում մոտ 60 թիրախի, այդ թվում՝ ՀՕՊ համակարգերի, ռադարների, ականապատման միջոցների և կապի կետերի։

Նավթ տեղափոխող նավերը՝ առնվազն դրանց մեծ մասը, անջատում էին տրանսպոնդերները։

Զրուցակիցներից մեկը նշել է, որ, ինչպես ակնկալվում է, ԱՄՆ-ը կշարունակի հարվածները հորմուզի նեղուցի շրջանում, քանի որ Իրանը ցույց է տվել իր ռազմական ներուժը վերականգնելու կարողություն։ Աղբյուրները հավաստիացրել են, որ հարվածները, որոնք չեն կարող ամբողջությամբ ոչնչացնել Իրանի դիրքերը տարածաշրջանում, միևնույն է, համակարգված կերպով զրկում են Թեհրանին նեղուցը վերահսկելու հնարավորությունից։ Միևնույն ժամանակ, հավելել են նրանք, Իրանը հուլիսից չի կարողանում նավթ արտահանել ԱՄՆ շրջափակման պատճառով։

Նախօրեին ԱՄՆ էներգետիկայի նախարար Քրիս Ռայթը վստահեցրել էր, որ երկուշաբթի Հորմուզի նեղուցով կարողացել են անցնել 17 մլն բարել նավթով բեռնված նավեր։

Միևնույն ժամանակ, Kpler ընկերության տվյալներով, չորեքշաբթի նեղուցով անցել է վեց առևտրային նավ, մինչդեռ երեքշաբթի՝ 11։ Մասնավորապես, Օմանի ծոցից ներս են մտել մեկ գազատար նավ, երկու հեռավոր նավարկության տանկեր, Supramax դասի մեկ տանկեր և Panamax դասի մեկ տանկեր։

Իր հերթին, շարունակում է CNN-ը, առևտրային հատվածի ներկայացուցիչները մեծ թերահավատությամբ են վերաբերվում Հորմուզի նեղուցը վերահսկելու ԱՄՆ վարչակազմի կարողությանը։ «Վստահությամբ կարելի է ասել, որ վարչակազմը չի վաստակել վստահություն», - ասել է աղբյուրներից մեկը՝ հավելելով, որ «չի ճանաչում որևէ մեկի, ով կհամարեր, թե նեղուցով օրական անցնող նավերի քանակի հնարավոր աճով միջին ցուցանիշը» իսկապես բարձր է։

Այս պահին Հորմուզի նեղուցով փոխադրումներ իրականացնելու վերաբերյալ որոշումները կայացվում են յուրաքանչյուր կոնկրետ դեպքից ելնելով. տանկերների ֆրախտի և ապահովագրության արժեքը բարձր է։ Էլ ավելի մեծ զգուշավորություն են ցուցաբերում հեղուկացված բնական գազի փոխադրմամբ զբաղվող կառույցները։

Իր հերթին ԱՄՆ պաշտոնյաները ընդունում են, որ ժամանակ կպահանջվի ոչ միայն նեղուցի շրջանում Իրանի ռազմական թիրախները վնասազերծելու, այլև բեռնափոխադրումների ոլորտին այս ջրուղու անվտանգ օգտագործման հարցում համոզելու համար. կարող է անհրաժեշտ լինել, որ նավերի ուղեկցման գործողությունները իրականացվեն մշտական հիմունքներով։ CNN-ի տվյալներով՝ մինչև հոկտեմբեր ԱՄՆ զինվորականները ցանկանում են նեղուցում ընդլայնել այն գոտին, որտեղ նավերը կկարողանան ավելի ազատ մանևրել։

Ավելի վաղ Իրանի հետ հակամարտության ընթացքում ԱՄՆ-ը կազմակերպել էր «Ազատություն» առաքելությունը՝ հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման համար, սակայն արագ դադարեցրել էր այն, քանի որ Սաուդյան Արաբիան հրաժարվել էր դրա համար տրամադրել իր բազաները։

Սակայն, հեռուստաալիքի զրուցակիցներից մեկի խոսքով, հութիների հարձակումների վերսկսումից հետո տարածաշրջանային գործընկերներն ավելի պատրաստակամ են դարձել աջակցել Հորմուզի նեղուցում նավերի ուղեկցման գործողություններին։