Դատարանից միշտ էլ արդարադատություն ենք սպասում, բայց շատ լավ հասկանում ենք՝ ինչ վիճակում են գտնվում մեր դատավորները, դատական համակարգը՝ ուղիղ հրահանգների, սպառնալիքների տակ, այնպես որ առանձնապես ես հույս չունեմ ոչ միայն այս դատից, այլ մնացած բոլոր քաղաքական երանգ ունեցող գործերից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին։

Նշենք, որ դատարանն այս պահին քննում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը երկարաձգելու հարցը։

Դիտարկմանը, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներից թալանածը վերադարձնելու է, և նրանք մնալու են թոշակի հույսին, նա ասաց. «Այս ամենը տեղավորվում է բռնապետական համակարգ կերտելու, ավելի խորացնելու իր գործելաոճի մեջ։ Այսինքն դու ո՞վ ես, որ որոշես ով ինչպես պետք է ապրի, ում ինչը պետք է վերցնել, չվերցնել։ Ի վերջո օրենք են ընդունել գույքի բռնագանձման հետ կապված, այդ գործերով կա դատական պրոցես, դատարանը պետք է որոշի դրանց ճակատագիրը։ Ի՞նչ է նշանակում, երկրի առաջին դեմքը կանգնում է, ասում է՝ ով ոնց պետք է ապրի։ Այնքան ակնհայտ է այս ամենի բռնապետական դրսևորումը։

Սա այլանդակություն է, սրիկայություն է ուղղակի։ Եթե ժողովուրդը քեզ ընտրել է, ինչքանով որ ընտրել է, դա արդյոք նշանակո՞ւմ է, որ դու ինչ ուզես՝ պետք է անես։ Ես էլ դրա համար իրեն ԱԺ–ում ասեցի՝  մեզ ընտրող ժողովուրդն էլ 500 000-ից ավելի, ակնկալիք ունեն, որ պետք է իրեն բռնենք, չգիտեմ ինչ անենք։ Հիմա արդյոք մենք դա պետք է  անենք ու հետո էլ բացատրենք, որ ժողովուրդն է մեզնից դա ուզում։

Եթե դու օրենքները, սահմանադրությունը միշտ կարող ես խախտել, ասելով՝ դե ժողովուրդն է դա ուզում, էլ ո՞ւմ համար է պետք, ի՞նչ արժեք ունի սահմանադրությունը, քրեական օրենսգիրքը ու մնացածը»,–ասաց նա։

Նա ընդգծեց, որ այս հարուցված ոչ մի գործը ապօրինի գույքի մասին չի ու հարստացման մասին չի. «Այն հնարավոր բոլոր օջախները, որոնք կարող են իրեն լինել ընդիմադիր, ինչ-որ զանգված իրեն շուրջ հավաքել և ունենալ, ինչը նաև ընտրություններով երևաց, ինքը չեզոքացնում է այդ օջախները։ Մնացածը ինքը անում է ժողովրդին հաճոյանալու համար, այդ ամեն ինչը քողարկելու համար, որովհետև մեր պարզ, միամիտ ժողովրդի մի մասին դուր է գալիս դա, որ ասում է՝ էս մեկից կվերցնենք, էն մեկից էն մյուսը կվերցնենք»։

Հարցին՝ հնարավո՞ր է իրենց սնանկացնել, Լևոն Քոչարյանը բացասական պատասխան տվեց. «Ոչ, հնարավոր չի, բայց նորից կրկնեմ՝ եթե մեր խնդիրը, մեր պայքարի նպատակը լիներ անձնականը պահելը, անձնական շահ ունենալը, ամենայն անկեղծությամբ էս պայքարի մեջ չէինք լինի»։

Հիշեցնենք, որ Գագիկ Ծառուկյանը հուլիսի 7-ին կալանավորվել է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու մեղադրանքներով: Ավելի ուշ ԲՀԿ առաջնորդի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով:

Նախօրեին հայտարարություն տարածվեց, որ ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։

Կոմտեի հայտարարությունում, որի տակ ստորագրել են 58 հայտնի անձինք, ասվում է. «Մենք՝ ներքոստորագրող անձինքս, համատեղ նախաձեռնությամբ ձևավորել ենք Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե։