Ընդդիմադիր տարբեր քաղաքական առաջնորդների իզոլացիան, բռնաճնշումները քաղաքական ընդդիմության նկատմամբ նոր բան չեն, դրանք մեկնարկել են նախընտրական շրջանում։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 3–ին, Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանի բակում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի գործին։
«Բոլոր առաջատար քաղաքական ուժերի առաջնորդները հայտնվում են ճաղավանդակի հետևում կամ տնային կալանքում։ Սա քաղաքական հետապնդում է, մենք ապրում ենք մի իրականության մեջ, երբ իրավապահ համակարգին հանձնարարությունները տրվում են բառիս բուն իմաստով Ազգային ժողովի ամբիոնից, և մենք տեսնում ենք դրա հետևանքները, ինչը տեղի ունեցավ Ռոբերտ Քոչարյանի և նրա ընտանիքի անդամների նկատմամբ։
Մենք գործ ունենք մի երկրի հետ, որտեղ իշխանության ճյուղերի մինչև փոխլրացման, փոխզսպման բոլոր մեխանիզմները ուղղակի ջնջվել են։ Ունենք մի երկիր, որտեղ ամբողջ իշխանությունը կենտրոնացած է մեկ անձի ձեռքերում, նրա անունը բոլորիս հայտնի է և իրավապահ համակարգը կարելի է ասել ուղղակի պատանդառված է վարչախմբի կողմից, որը ուղիղ հրահանգներ է տալիս։
Մենք այս նույն պատկերը ունենք ոչ միայն Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ–ի նկատմամբ, այլև «Ուժեղ Հայաստանի», ՀՅԴ–ի նկատմամբ և ունենք նաև «Հայաստան» դաշինքի նկատմամբ։ Հայաստանը քաղաքական բանտարկյալների երկիր է։
Հայաստանում, ցավոք սրտի, կալանքի ֆետիշացումը դարձել է ուղղակի պատժիչ մահակ բոլոր քաղաքական բանտարկյալների գլխին»,–ասաց նա։
Լիլթ Գալստյանը նկատեց, որ այսօր աշխարհը կրկնակի ստանդարտների և քաղաքական նպատակահարմարության մի ռեժիմի մեջ է, երբ շատ եվրոպական կառույցներ ուղղակի աչքերը փակում են այս ամենի նկատմամբ, երբ մաքուր քաղաքական շահերը շատ ավելի առաջնային են, քան մարդու իրավունքների պաշտպանությունը։
Անդրադառնալով նրան, որ նախօրեին պատգրակով դատարան տեղափոխեցին Գագիկ Խաչատրյանին և նա կալանավորվեց, Լիլիթ Գալստյանն ասաց. «Այն ինչ կատարվեց Գագիկ Խաչատրյանի նկատմամբ, բառիս բուն իմաստով խոշտանգում էր։ Այս պահին մենք հասկանում ենք, որ ՀՀ քաղաքացի Գագիկ Խաչատրյանն ուղղակի զրկված է պատշաճ առողջապահական կամ բժշկական աջակցությունից։ Այս ամենը միջազգային կոնվենցիաներով գնահատվում է որպես բառիս բուն իմաստով խոշտանգում։ Իր պարագայում էլ ավելի է, որովհետև տեղաշարժվելու խնդիր ունի»։











