Նորվեգիան Արկտիկայում կալանել է ռուսական «Պրոֆեսոր Մոլչանով» գիտահետազոտական նավը՝ միջազգային արբիտրաժի որոշումը կատարելու նպատակով, ըստ որի պետք է 4,22 մլրդ դոլար վճարվի ուկրաինական էներգետիկ «Նաֆտոգազ» ընկերությանը, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով ընկերության ներկայացուցիչներին և նորվեգական իշխանություններին։

Նավը կալանավորվել է Շպիցբերգեն արշիպելագի մոտ՝ Նուր-Տրոմսի և Սենյայի շրջանային դատարանի որոշմամբ, որը պարտավորեցրել է Շպիցբերգենի նահանգապետին ապահովել դրա կալանքը և թույլ չտալ դուրս գալ նավահանգստից։ Նավը պետք է մնա Բարենցբուրգում՝ Շպիցբերգեն կղզու վրա գտնվող ռուսական բնակավայրում։

«Նաֆտոգազի» հայցը կապված է 2014 թվականին Ղրիմը Ռուսաստանին միացնելուց հետո ռուսական իշխանությունների կողմից ընկերության ակտիվների բռնագրավման հետ։ 2023 թվականի ապրիլին Հաագայի արբիտրաժը պարտավորեցրել էր Ռուսաստանին ուկրաինական ընկերությանը վճարել 4,22 մլրդ դոլար, ինչպես նաև տոկոսներ և դատական ծախսեր։

Ամերիկյան Covington ընկերության «Նաֆտոգազի» իրավաբանները հայտարարել են, որ մի քանի ամիս հետևել են «Պրոֆեսոր Մոլչանովին» և նախապես դիմել նորվեգական դատարան՝ պահանջելով կալանավորել նավը և ապահովել դրա հարկադիր վաճառքը։ Դատարանը բավարարել է դիմումը երկուշաբթի օրը։

Նորվեգական իշխանությունները ընդգծել են, որ խոսքը «Նաֆտոգազի» և Ռուսաստանի միջև մասնավոր իրավական վեճի մասին է, և որ երկրի կառավարությունը դրա կողմը չէ։ Նորվեգիայի արդարադատության նախարարությունում նաև նշել են, որ Ռուսաստանը կարող է դատարանում պահանջել գործի վերանայում։

Ռուսաստանի ԱԳՆ-ում Նորվեգիայի գործողությունները անվանել են «ծովահենություն»։ Ընդ որում, առկա տվյալներով, նավի կալանքը չի ազդել դրա վրա գտնվող ուղևորների և անձնակազմի վրա։ «Կոմսոմոլսկայա պրավդա» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Անդրեյ Գորբունովը, որը ուղեկցում էր ռուս գիտնականների խմբին, հայտնել է, որ արշավախումբը իջել է Բարենցբուրգում, և մասնակիցներից ոչ ոք չի ձերբակալվել։

«Պրոֆեսոր Մոլչանովին» առայժմ արգելված է լքել նավահանգիստը։ Թե անձնակազմի և ուղևորների քանի անդամ է գտնվում նավի վրա, չի հաղորդվում։

«Նաֆտոգազը» ավելի վաղ Նորվեգիայում հասել էր Շպիցբերգենում ռուսական «Արկտիկուգոլ» ընկերության երկու օբյեկտների կալանքի վերաբերյալ դատական որոշումների։ Ուկրաինական ընկերությունը նաև ձգտում է արբիտրաժային որոշման կատարմանը այլ երկրներում, այդ թվում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում և Ֆինլանդիայում, որտեղ ռուսական ակտիվները սառեցվել են։

«Նաֆտոգազում» հայտարարել են, որ կշարունակեն ամբողջ աշխարհում հասնել ռուսական ակտիվների բռնագանձմանը մինչև նշանակված փոխհատուցման վճարումը։