Բագրատ Սրբազանի և մյուսների գործով դատավարության ժամանակ, այսօր՝ սեպտեմբերի 3–ին, ինչ–որ պահի իրավիճակը լարվեց։ Բագրատ Սրբազանը փորձագետին դիմելով, ասաց. «Խաղաղվեք ու հանգիստ նստի տեղդ։ Նորմալ խոսում եմ նրա հետ, ով նորմալ է»։ Դատավորը հանդարտության կոչ արեց։

Բագրատ Սրբազանը շարունակեց իր խոսքը՝ դիմելով մեղադրողին. «Փաստացի ըստ 1980-ական թվականների գրականության փորձաքննություն եք իրականացրել, ժամանակակից տեխնոլոգիաներից չեք օգտվել, ոչ արհեստական բանականությունից, ոչ համացանցից, ոչ ահռելի տեղեկություններից, ճի՞շտ եմ հասկացել։ Այսինքն 80-ական թվականների գրականությունը ձեզ բավարար հիմքեր են տալիս եզրակացություն անելու համա՞ր։

Ես բարձրաձայնում եմ, որ նաև հանրությունը տեղեկանա, որ այսօր քննչական կոմիտեի մեթոդները 1980–ական թվականների են։

Այս բոլոր հնարավորությունները չունենալով, ընդամենը ենթադրությունների ծիրից ներս գալով, ուրեմն դուք համարում եք, որ սա փորձաքննությո՞ւն է։ Ինչի՞ համար էր պետք այդ գումարը ծախսելը, որ ենթադրությունների ընդամենը ծիրից ներս մարդիկ հնարավորություն չունեն դա անելու։

Ես հիմա հայտարարություն եմ անում, ասելով, որ այ սրա մասին եմ ես ասում ամիսներով, փնթիության գագաթնակետն է այդ քննչական կոմիտե կոչվածը, որ հանձնարարում է առանց համապատասխան գրականության, իրենք փորձաքննության եզրակացություն են ներկայացնում ենթադրությունների վրա հիմնված, որի պատճառով 18 հոգի մարդ այսօր գտնվում է տարբեր կալանքների մեջ, իրենց ընտանիքներով հանդերձ»։