Մեծ Բրիտանիայի Պահպանողական կուսակցության առաջնորդ Քեմի Բադենոկը զգուշացրել է, որ առաջիկա չորս տարվա ընթացքում երկիրը կարող է պատերազմի մեջ հայտնվել աշխարհի խոշորագույն միջուկային տերության՝ Ռուսաստանի հետ։ Այս մասին հայտնում է Sky News-ը։

Ելույթ ունենալով պաշտպանական հարցերի շուրջ՝ Բադենոկը հայտարարել է, որ վարչապետ Քիր Սթարմերը դեռևս ամառային արձակուրդներից առաջ հետախուզական տվյալներ է ստացել, որոնց համաձայն՝ Ռուսաստանը կարող է հարձակվել ՆԱՏՕ-ի վրա արդեն 2030 թվականին։

«Սա նշանակում է, որ առաջիկա չորս տարիների ընթացքում Մեծ Բրիտանիան կարող է պատերազմի մեջ հայտնվել աշխարհի խոշորագույն միջուկային զենք ունեցող պետության հետ։ 5-րդ հոդվածի համաձայն՝ ՆԱՏՕ-ի ցանկացած երկրի վրա հարձակումը հարձակում է բոլորի վրա», — նշել է նա։

Բադենոկը նաև հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Մեծ Բրիտանիան անվանել է Ռուսաստանի «գլխավոր թշնամի»։

Նրա խոսքով՝ ռուսական ռազմական նավերն անցնում են Լա Մանշով, իսկ ինտերնետի և կապի ցանցերի աշխատանքն ապահովող ստորջրյա մալուխները ենթարկվում են հարձակումների։

«Մարդիկ կարող են դա չնկատել առօրյա կյանքում, սակայն թշնամական պետությունները մշտապես փորձում են թույլատրելիի սահմանները՝ կիրառելով պատերազմի ոչ ավանդական մեթոդներ», — ասել է պահպանողականների առաջնորդը։

«Հակամարտությունը մոտենում է», — հավելել է Բադենոկը։