1900 թվականի օդերևութաբանական դիտարկումների սկզբից ի վեր Ֆրանսիայում գրանցվել է ամենաշոգ և արևոտ ամառը։ Այս մասին հայտնում է Météo France ազգային օդերևութաբանական ծառայությունը։
Ամռան ընթացքում առավելագույն ջերմաստիճանը բազմիցս հասել է ռեկորդային ցուցանիշների՝ միջինում 4,8 աստիճանով գերազանցելով սեզոնային նորման։ Աննախադեպ շոգը պահպանվել է ընդհանուր առմամբ 53 օր, ինչն ավելին է, քան երբևէ: Համեմատության համար նշենք, որ 2022 թվականի ամռանը, որը մինչ այժմ համարվում էր ամենաշոգերից մեկը, նման եղանակը տևել է 33 օր։
Տեղումների քանակը սովորականից պակաս է եղել 40%-ով։ Երկրի գրեթե ողջ տարածքում աննախադեպ երաշտ է գրանցվել, իսկ Ֆրանսիայի ափամերձ հատվածներում ծովի ջրի ջերմաստիճանը նույնպես հասել է ռեկորդային նշագծի։
Շոգն ու երաշտը նպաստել են զանգվածային անտառային հրդեհների տարածմանը։ Ըստ Météo France-ի տվյալների՝ 2026 թվականը կարող է ռեկորդային դառնալ հրդեհից տուժած տարածքների մակերեսով. կրակն ընդգրկել է ավելի քան 100 հազար հեկտար։ Ատլանտյան օվկիանոսի ափամերձ շրջաններում բռնկված խոշոր հրդեհների պատճառով ստիպված են եղել 224 հազար մարդու տարհանել։
Օդերևութաբանական ծառայությունն ընդգծել է, որ նման ամառ գրեթե անհնար է պատկերացնել առանց կլիմայի փոփոխության ազդեցության, թեև նույնիսկ ներկայիս կլիմայական պայմաններում այն հազվագյուտ երևույթ է մնում։
Մասնագետների գնահատմամբ՝ կլիմայի փոփոխության նշան է նաև ամառային ամիսներից դուրս, օրինակ՝ մայիսին կամ սեպտեմբերի սկզբին անոմալ շոգ եղանակների գրանցումը։




























