Հարավային Կորեան սկսել է նախապատրաստվել ռազմածովային ուժերի օժանդակ նավի և Boeing P-8A Poseidon հակասուզանավային ինքնաթիռների հնարավոր ուղարկմանը Հորմուզի նեղուց, հայտնում է Chosun Ilbo պարբերականը։
«Կառավարությունը պատրաստել է ռազմածովային ուժեր ուղարկելու ծրագիր, այդ թվում՝ օժանդակ նավ և P-8A հակասուզանավային պարեկային ինքնաթիռներ, և, ինչպես հաղորդվում է, պատրաստվում է առաջարկը ներկայացնել Ազգային անվտանգության խորհրդի (ԱԱԽ) քննարկմանն ու հաստատմանը, որից հետո այն կվավերացվի Ազգային ժողովի կողմից», - ասվում է հաղորդագրության մեջ։
Թերթի տվյալներով, սկսվել է նաև նավերի նավահանգիստներ մուտքի հնարավոր վայրերի ուսումնասիրությունը։ Աղբյուրների վկայությամբ, կառավարությունը առաջնահերթություն է տալիս ոչ մարտական միջոցների տեղակայմանը, ինչպիսիք են պարեկային ինքնաթիռներն ու օժանդակ նավերը։ Քննարկվող տարբերակների թվում է P-8A պարեկային ինքնաթիռը։
Chosun Ilbo-ն նշում է, որ Հարավային Կորեայի ռազմածովային ուժերն ունեն Cheonji տեսակի երեք նավ և Soyang տեսակի մեկ նավ։ Պարբերականը ենթադրում է, որ կներգրավվի Soyang-ը։ Այդ նավի անձնակազմը բաղկացած է մոտ 140 մարդուց, իսկ P-8A ինքնաթիռը կարող է տեղափոխել մինչև 20 մարդ, ներառյալ անձնակազմի ութ անդամ։
Ինչպես հաղորդվում է, տեղակայման ճշգրիտ ծավալը քննարկվում է Հարավային Կորեայի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների ընթացքում։
Ինչ վերաբերում է Հորմուզի նեղուց զինվորականների հնարավոր ուղարկմանը, Հարավային Կորեայի ազգային պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ մանրամասներն այս պահին քննարկվում են։
«Մենք կհրապարակենք տեղեկությունը պատշաճ ժամանակին՝ գործող օրենսդրությանը համապատասխան ընթացակարգերի առաջընթացին զուգընթաց», - ասվում է հաղորդագրության մեջ։
Միևնույն ժամանակ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմից հայտնել են, որ Հորմուզի նեղուց զինված ուժեր ուղարկելու վերջնական որոշում դեռ չի ընդունվել, և այդ հարցը դեռ քննարկման փուլում է։
Chosun Ilbo-ն հիշեցնում է, որ արտասահմանում ուժեր տեղակայելու համար ծրագիրը պետք է ներկայացվի Ազգային անվտանգության խորհրդին և հավանության արժանանա Ազգային ժողովի կողմից։
Ծրագրի ներկայացման ճշգրիտ ժամանակը Ազգային անվտանգության խորհրդում առայժմ չի հաղորդվում, սակայն ենթադրություններ կան, որ դա կարող է տեղի ունենալ երկու շաբաթվա ընթացքում։
Նշվում է, որ որոշումը կարող է ընդունվել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ճնշման ներքո։




























