Facebook-ը մայիսի 17-ի երեկոյան IPO է մտել բարձր գնով` տեղադրելով  421,23 միլիոն բաժնետոմսեր 38  դոլարով: Facebook-ի բաժնետոմսերի փաթեթը եւ Ցուկերբերգին պատկանող ձեռքբերումները կարելի է գնահատել  19,1 միլիարդ դոլար: Այսպիսով,  Facebook-ի հիմնադիր եւ գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգի ունեցվածքի չափը գերազանցել է Google համացանցային ընկերության հիմնադիրներ Սերգեյ Բրինի եւ Լարի Փեյջի ունեցվածքին: 

IPO-ի արդյունքում Facebook-ի ղեկավարն զբաղեցրել է  Bloomberg-ի միլիարդատերերի  ամենօրյա թարմացվող վարկանիշի 29-րդ հորիզոնականը, եւ այդ հորիզոնականից  հետ է մղել  Google-ի հիմնադիրներ Լարի Փեյջին եւ Սերգեյ Բրինին, գրում է  Bloomberg-ը:
Facebook-ի գլխավոր տնօրենը վաճառել է  30,2 միլիոն բաժնետոմս` 1,15 միլիարդ դոլար ընդհանուր գումարով:

27-ամյա Դասթին Մոսկովիցին` Ցուկերբերգի   Հարվարդի հանրակացարանի հարեւանին, է պատկանում 5,1 միլիարդ դոլար արժողությամբ բաժնետոմսերի փաթեթը: Էդուրադ Սավերինի ունեցվածքը, որն ունի Facebook-ի բաժնետոմսերի մոտավորապես  4%-ը , գնահատվում է  2,7 միլիարդ դոլար:

Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սանդբերգը միլիարդատերերի ցանկն է ընդգրկվել շնորհիվ սոցկայքի IPO-ի: Սանդբերգը Facebook էր եկել Google ընկերությունից 2008 թվականին, նա ունի  27 միլիոն բաժնետոմս` 1,1 միլիարդ դոլար արժողությամբ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

Ռուս գործարար Ալիշեր Ուսմանովը վերահսկում է Facebook-ի 85,6 միլիոն բաժնետոմսերի 80%-ը, որը մնացել է DST Global ներդրումային ընկերությանը,  12,5%-ին տիրում է DST-ի հիմնադիր Յուրի Միլները: DST-ն IPO-ի ընթացքում վաճառել է շուրջ  45,7 միլիոն Facebook-ի բաժնետոմս եւ կարող է էլի վաճառել մոտակա ամիսներին: 
Աշխարհում խոշորագույն սոցկայք Facebook-ի բաժնետոմսերը կսկսեն վաճառվել  NASDAQ  ամերիկյան բորսայում մայիսի 18-ին, նյույորքյան ժամանակով 11.00-ին (19.00  երեւանյանով):