ԱՄՆ Ներկայացուցիչների պալատում կարող են առնվազն մինչև նոյեմբերին կայանալիք Կոնգրեսի ընտրությունները հետաձգել Ռուսաստանի դեմ «դժոխային» պատժամիջոցների մասին օրինագծի ընդունումը, գրում է Bloomberg-ը։ Ըստ պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի, փաստաթուղթը մտահոգություն է առաջացրել ոչ միայն դեմոկրատների, այլև հանրապետականների առանձին խմբերի շրջանում։ «Մենք բոլորս կողմ ենք Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, բայց բանաձևը պետք է ճիշտ լինի», — ընդգծել է Ջոնսոնը։

Մինչև այդ օրինագիծը շտապ ընդունվել էր ԱՄՆ Սենատի կողմից, սակայն այժմ կոնգրեսականները մտավախություն ունեն, որ Թրամփին լրացուցիչ մաքսատուրքային լիազորություններ տրամադրելը կհանգեցնի նավթի գների աճի և կհարվածի Վաշինգտոնի առևտրային գործընկերներին։ Մասնավորապես, նախաձեռնությունը նախատեսում է, որ Սպիտակ տան ղեկավարը իրավունք կստանա 100-տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել ռուսաստանյան նավթի և բնական գազի հինգ խոշորագույն գնորդների, ինչպես նաև Մոսկվային պատժամիջոցները շրջանցելու հարցում օգնող հինգ երկրների նկատմամբ։ Խոսքը հիմնականում Չինաստանի, Հնդկաստանի և Թուրքիայի մասին է։

Արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բրայան Մաստն ընդգծել է, որ այս պահին գնահատվում է օրինագծի ազդեցությունը վառելիքի շուկայի վրա։ Ըստ նրա, Հնդկաստանին և ռուսաստանյան հումքի մյուս գնորդներին այլընտրանքային աղբյուրների անցնելու հարկադրելը կարող է ընտրություններից առաջ բենզինի գների աճ հրահրել։

Իրենց հերթին դեմոկրատներն են դեմ հանդես գալիս օրինագծին՝ համարելով, որ այն կարող է հանգեցնել Թրամփի վարչակազմի կողմից մաքսատուրքերի անսահմանափակ կիրառման համար իրավական հիմքի ստեղծմանը։ Արտաքին գործերի հանձնաժողովի ներկայացուցիչ Գրեգորի Միքսը քննադատել է նախագահին իրեն չպատկանող լիազորություններով օժտելու փորձը, իսկ դեմոկրատ կոնգրեսական Բրեդ Շնայդերը մաքսատուրքերի մասին դրույթը անվանել է «անընդունելի»։

Օրինագծի դեմ է հանդես եկել նաև խոշոր բիզնեսը, այդ թվում՝ ExxonMobil-ը, General Electric-ը, Ford-ը, Pfizer-ը և ԱՄՆ Առևտրի պալատը։ Նրանք համապատասխան նամակ են ուղարկել Կոնգրես։ «Մենք մտահոգված ենք, որ օրինագծի մի մասը կարող է սպառողների համար ունենալ չնախատեսված հետևանքներ՝ մեր առևտրային գործընկերների և դաշնակիցների դեմ նոր լայնածավալ մաքսատուրքեր թույլատրելով», — հայտարարել է Retail Industry Leaders կազմակերպությունից Էլեն Ջեքսոնը։