ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social էջում տեղադրել է հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հոդվածը, որը հրապարակվել է Washington Examiner-ում և նվիրված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը։
Մի քանի շաբաթ առաջ Ուիթքոֆը գրել էր. «Ինձ համար պատիվ էր, որպես նախագահի հատուկ բանագնաց խաղաղարար առաքելությունների գծով, առաջ մղել նախագահի խաղաղության օրակարգը համաշխարհային հակամարտություններում։ Նախագահը գերազանցեց այն, ինչ իր նախորդները համարում էին անհնար, երբ առաջնահերթություն դարձրեց Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատումը»։
Նա հավելել է, որ 2025 թվականի օգոստոսից հետո հաջորդ հինգ ամիսների ընթացքում ԱՄՆ-ն անցկացրել է ինտենսիվ հանդիպումներ Բաքվում և Երևանում։ Արդյունքում ձևավորվել է «Թրամփի ուղին»․ Միացյալ Նահանգները համագործակցել են Հայաստանի հետ՝ Հայաստանի տարածքում անխափան բազմամոդալ երթուղիներ ստեղծելու համար՝ միաժամանակ ամբողջությամբ պահպանելով Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։
Թրամփը լուծեց մի խնդիր, որը տասնամյակներ շարունակ փակուղու առաջ էր կանգնեցրել դիվանագետներին՝ շեշտը դնելով գործնական արդյունքների, այլ ոչ թե իրականացման գործընթացի վրա։ Այդ մոտեցումն արդարացրեց իրեն։
Ըստ պաշտոնյայի, այսօր TRIPP հայեցակարգը համաշխարհային ճանաչում է ստացել որպես անլուծելի վեճերը ստեղծարարության, ուժի և փոխադարձ շահերի միջոցով կարգավորելու մոդել։ Անցած տարվա ընթացքում ԱՄՆ-ն աշխատել է Հայաստանի և Ադրբեջանի հետ՝ համաձայնագրի իրականացման ուղղությամբ՝ երկաթուղային ենթակառուցվածքի ինժեներական ուսումնասիրությունների, պետական-մասնավոր համագործակցության և ներդրումային մեխանիզմների միջոցով։ «Մենք կանխատեսում ենք, որ TRIPP-ը կտարածվի Կասպից ծովով, իսկ հայեցակարգը զարգացում կստանա նաև Մերձավոր Արևելքում», — գրել է Ուիթքոֆը։




























