Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցն այցելել է Սաքսոնիա-Անհալթ դաշնային երկրամասի արդյունաբերական պարկ, որտեղ սեպտեմբերի 6-ին կանցկացվեն տարածաշրջանային խորհրդարանի ընտրությունները։ Նրա հեռանալիս օբյեկտի մոտ հավաքված մարդկանց մի մասը նրան ճանապարհել է «Հեռացի՛ր» վանկարկումներով, գրում է Bild թերթը։
Ինչպես հիշեցնում է պարբերականը, Մերցի կուսակցության՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավարությունը, վախենալով «զայրացած» ընտրողների հետ հանդիպումներից, ավելի վաղ որոշել էր չներգրավել կանցլերին այս տարածաշրջանում նախընտրական միջոցառումներում, որտեղ ժողովրդականություն է վայելում ընդդիմադիր «Այլընտրանք Գերմանիայի համար» (AfD) կուսակցությունը։ Հինգշաբթի Մերցը այցելել է Լայպցիգի մերձակայքում գտնվող Լոյնայի քիմիական արդյունաբերական համալիր, որտեղ ընտրություններից առաջ հանդիպում է անցկացրել ՔԴՄ-ի տարածաշրջանային բաժանմունքի ներկայացուցիչների հետ։
Պարբերականի տվյալներով, թեև միջոցառումը փակ էր լայն հանրության համար, արդյունաբերական օբյեկտի մոտ հավաքվել էր մոտ 150 հոգանոց ամբոխ։ Նրանց թվում կային ինչպես սովորական զբոսաշրջիկներ և տեղացիներ, որոնք պարզապես ցանկանում էին տեսնել կանցլերին, այնպես էլ, ենթադրաբար, AfD-ի կողմնակիցներ։ Մերցը նրանց հետ չի շփվել ոչ միջոցառումից առաջ, ոչ էլ հետո, նույնիսկ չի կանգնել ցանկացողների հետ լուսանկարվելու համար։ Երբ կանցլերը դուրս է եկել օբյեկտի տարածքից և նստել ավտոմեքենա, ամբոխը սկսել է վանկարկել «Հեռացի՛ր։ Հեռացի՛ր», վկայում է պարբերականի հրապարակած տեսանյութը։
Միևնույն ժամանակ թերթը նշում է, որ հավաքվածներից ոչ բոլորն են աջակցել հնչած կարգախոսին։ «Այս մարդկանց պատճառով ես ամոթ եմ զգում։ Իրականում ես մեծ հաճույքով Մերցի հետ գարեջուր կխմեի ամբարտակի վրա (արդյունաբերական համալիրը գտնվում է արհեստական լճի կողքին — ТАСС-ի նշումը)։ Նրանք, ովքեր այնտեղ հետևում գոռում էին, մեծամասնություն չեն։ Նրանք պարզապես ավելի բարձր էին գոռում», — թերթին ասել է հեծանվորդ մի կին, որը պատահաբար հայտնվել էր դեպքի վայրում։
Մերցի համար սա տարածաշրջան վերջին այցն էր մինչև ընտրություններում քվեարկությունը։ Ընտրություններից առաջ վերջին սոցիոլոգիական հարցումը, որն անցկացրել է Wahlen հետազոտական խումբը ZDF հեռուստաալիքի պատվերով, ցույց է տվել, որ AfD-ն վստահորեն գլխավորում է վարկանիշը․ նրան պատրաստ է աջակցել հարցվածների 41%-ը, մինչդեռ ՔԴՄ-ն կարող է հավակնել ընդամենը ձայների 23%-ին։ Այս ցուցանիշները նշանակում են, որ AfD-ն, հնարավոր է, խորհրդարանում մեծամասնություն ստանա և իր պատմության մեջ առաջին անգամ ձևավորի տարածաշրջանային կառավարություն։




























