Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում կայացել է «Իգնոբելյան» 36-րդ մրցանակաբաշխությունը, ինչի մասին հայտնում է Improbable Research պորտալը:

Մրցանակաբաշխության պատմության մեջ առաջին անգամ արարողությունն անցկացվել է ԱՄՆ-ի տարածքից դուրս: Պատճառը ամերիկյան վիզային քաղաքականության խստացումն էր. անցյալ տարի հաղթողներից ոմանք պարզապես չէին կարողացել մասնակցել միջոցառմանը:

Բիոմեխանիկայի ոլորտում մրցանակը շնորհվել է Օքսֆորդի համալսարանի գիտնականներին՝ Մատիլդա Բրինդլի գլխավորությամբ: Նրանք պարզել են, որ պրիմատների նախնիների մոտ համբույրներն ի հայտ են եկել շուրջ 20 միլիոն տարի առաջ:

Տնտեսագիտության անվանակարգում դափնեկիր են դարձել ԱՄՆ-ը, Մեքսիկան և Կանադան ներկայացնող հեղինակները, որոնք ապացուցել են, որ բարձր խավի ներկայացուցիչներն ավելի հաճախ են խախտում կանոններն ու երեխաներից կոնֆետներ գողանում:

Մրցանակ է տրվել նաև այն հայտնագործության համար, որ խավարասերի կաթը երեք անգամ սննդարար է կովի կաթից:

Ճապոնացի գիտնական Տոկուջի Ուննոյին բժշկության ոլորտում մրցանակ են շնորհել քիթը մաքրելու աերոդինամիկայի հետազոտության համար: Ֆիզիկայի մրցանակը կիսել են առանց ցայտերի միզարաններ ստեղծողները, իսկ տեխնոլոգիաների ոլորտում հաղթել է 3D տպագրության մեջ մոծակների կնճիթների կիրառման նախագիծը:

Խաղաղության մրցանակը տրվել է ընկերների դաժանության նախապատվության վերաբերյալ հետազոտությանը: Իսկ հողագիտության ոլորտում առանձնացվել է մի նախագիծ, որի շրջանակում 25 երկրում թաղել են հազար հատ միանման վարտիք՝ հողի վիճակն ուսումնասիրելու համար: