ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է հաջորդ շաբաթ Իռլանդիա թռչել նոր Boeing 747-ով, որի շուրջ կան մտահոգություններ, թե այն ապահովված չէ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցներով։ Այդ մասին հայտնել է The Washington Post (WP) թերթը։
Ինչպես նշում է պարբերականը, տասնամյակներ շարունակ նախագահներն օգտագործել են ամրացված Boeing 747-200B ինքնաթիռներ, որոնք համալրված են անվտանգության բոլոր միջոցներով։ Սակայն Թրամփը նախընտրում է նոր Boeing 747-ը, որը նվիրել է Կատարը։ ԱՄՆ-ն արդեն 400 մլն դոլար է ծախսել նոր ինքնաթիռի վերազինման վրա։ Ամերիկյան վարչակազմը չի հայտնում, թե առաջիկա ամիսներին ևս որքան միջոց է նախատեսվում հատկացնել։ WP-ն նշում է, որ անվտանգության համակարգերի տեղադրման աշխատանքները կարող են իրականացվել այս աշնանը, սակայն Սպիտակ տունը դեռ չի հրապարակել դրանց ծրագիրը։ Չի բացառվում, որ աշխատանքները կկատարվեն նոյեմբերին Կոնգրեսի միջանկյալ ընտրություններից հետո։
Հուլիսին The New York Times թերթը հայտնել էր, որ Թրամփի նոր ինքնաթիռը, հնարավոր է, հրթիռային սպառնալիքներից պաշտպանող համակարգով հագեցած չէ, ուստի ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո Անկարայից մեկնելիս օգտագործվել է հին օդանավը։ Ավելի ուշ այդ հոդվածի պատճառով թերթի մի քանի լրագրողներ կանչվել էին դատարան։




























