Խոշորագույն ավտոարտադրողների շահերը ներկայացնող Alliance for Automotive Innovation խումբը դիմել է ԱՄՆ Կոնգրես՝ կոչ անելով մինչև տարեվերջ ընդունել օրենք, որն ընդմիշտ կարգելի չինական ավտոընկերությունների մուտքն ամերիկյան շուկա։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Այս միավորման կազմում են General Motors, Ford, Toyota, Volkswagen, Hyundai, Honda, Stellantis և այլ ավտոկոնցեռններ։ Գործակալության տվյալներով՝ Կոնգրեսին ուղղված նամակում ասոցիացիայի ղեկավար Ջոն Բոեզելան հայտարարել է, որ չինական արտադրողները «ամբողջ աշխարհում զանգվածաբար իրացնում են սուբսիդավորվող մեքենաներ՝ ներկառուցված ծրագրային ու ապարատային ապահովմամբ», ուստի ԱՄՆ-ն պետք է անհապաղ փակի իր ներքին շուկան նմանատիպ մատակարարումների առջև։

«Հաշվի առնելով վտանգի մասշտաբներն ու հրատապությունը՝ մենք կոչ ենք անում մինչև տարեվերջ արգելք սահմանել չինական ավտոմեքենաների, ինչպես նաև դրանց ծրագրային ու ապարատային ապահովման նկատմամբ և այս նորմն ամրագրել օրենքով», — ասվում է նամակում։

Ըստ Բոեզելայի՝ օրենքի ընդունումը պետք է ազդակ հանդիսանա առ այն, որ «համաշխարհային ավտոարդյունաբերության մեջ գերիշխելու Չինաստանի ռազմավարությունը կարժանանա ԱՄՆ կառավարության պատասխան քայլերին ազգային անվտանգության ոլորտում»։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնում Չինաստանի դեսպանատնից հայտարարել են, որ Պեկինը վերացրել է արտադրության ոլորտում օտարերկրյա ներդրումների սահմանափակումները և շարունակում է բաց մնալ միջազգային ավտոարտադրողների համար՝ ընդգծելով, որ չինական շուկայում արդեն իսկ հաջողությամբ գործում են Tesla-ն, Buick-ը, Toyota-ն և Ford-ը։

Բացի այդ, ոլորտային լոբբիստական խումբը պահանջում է, որպեսզի օրենքն ուղղակիորեն արգելի ԱՄՆ առևտրի նախարարությանը թույլտվություն տրամադրել չինական ընկերություններին (այդ թվում՝ BYD, Chery և SAIC) ԱՄՆ տարածքում համացանցին փոխկապակցված ավտոմեքենաներ արտադրելու, վաճառելու կամ ներմուծելու համար, քանի որ այդ մեքենաները իբր կարող են օգտագործվել գաղտնի տվյալներ հավաքագրելու նպատակով։